Թբիլիսիի քաղաքապետարանի տեսախցիկներով հաշվառման համակարգի տվյալներով՝ Վրաստանի մայրաքաղաքում մեկ օրվա ընթացքում երթևեկում է մինչև 900 հազար տրանսպորտային միջոց։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Թբիլիսիում ավտոմեքենաների խցանումները վերջին շրջանում դառնում են Վրաստանի մայրաքաղաքի բնակիչների քննադատության գլխավոր առարկան: Կալաձեի խոսքով՝ մայրաքաղաքի փողոցներում ամենօրյա խցանումները պայմանավորված են տրանսպորտային ծանրաբեռնվածության կրկնապատկմամբ։
Քաղաքապետը տեղեկացրել է, որ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թվականին Թբիլիսիում գրանցված է եղել շուրջ 474 հազար տրանսպորտային միջոց, իսկ 2026 թվականի երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշը հասել է շուրջ 948 հազարի։ Այսպիսով, ինը տարվա ընթացքում գրանցված տրանսպորտային միջոցների թիվը կրկնապատկվել է։
Իրավիճակը բարդանում է նաև այն պատճառով, որ Թբիլիսին երկրի տնտեսական և գործարար կենտրոնն է։ Վրաստանի տարբեր շրջաններից մարդիկ ամեն օր մայրաքաղաք են գալիս աշխատանքի և տարբեր ծառայություններից օգտվելու նպատակով։ Բացի այդ, բազմաթիվ մեքենաներ օգտագործվում են որպես տաքսի կամ այլ առևտրային գործունեության համար։









