Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի գլխավորած պատվիրակությանը։
Զրույցի ընթացքում գոհունակությամբ ընդգծվել է այս տարվա հուլիսին Ալիևի պաշտոնական այցը Գերմանիա, անդրադարձ է կատարվել այդ այցի ընթացքում ստորագրված երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին համատեղ հռչակագրի, ինչպես նաև երկկողմ համագործակցության ամրապնդման գործում ադրբեջանա-գերմանական գործարար խորհրդի ստեղծման և գործունեության մասին համատեղ հռչակագրի դերին։
Ընդգծվել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Քննարկվել են քաղաքական և տնտեսական, ներդրումների, բիզնեսի, ավանդական և այլընտրանքային էներգետիկայի, կապի, տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության և այլ ուղղություններով համագործակցության հարցեր։
Ընդգծվել է, որ Ադրբեջանը կարևոր ներդրում ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում։ Նշվել է, որ այս տարվանից ադրբեջանական գազն արտահանվում է Գերմանիա։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի և Եվրոպական միության միջև կապերի հեռանկարներին, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին։










