ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը Չինաստանում կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկեն ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։
Նոյեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Թրամփը հաստատել է, որ Ուկրաինայի թեման կքննարկվի։ Ինչպես փոխանցում է AFP-ն, նա ասել է. «Մենք կխոսենք իմ սիրելի թեմայի՝ Ուկրաինայի մասին»։ Սպասվում է, որ Պուտինի և Թրամփի երկկողմ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին։ Նույն օրը նախատեսված է նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը։ Մինչ այդ Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը աշխատանքային նախաճաշ կունենան։
Չինաստանի ԱԳՆ խոսնակը հաստատել է եռակողմ հանդիպման անցկացումը, սակայն չի հստակեցրել օրակարգի մանրամասները։ Պեկինը հայտարարել է, որ առաջնորդները խորքային քննարկումներ կունենան «համաշխարհային խաղաղության պահպանման և մեծ տերությունների հարաբերություններում ռազմավարական կայունության խթանման» շուրջ։
Մոսկվան ակնկալում է, որ այս հանդիպումը կարող է վերականգնել այն պայմանավորվածությունները, որոնց շուրջ, ըստ ռուսական կողմի պնդումների, նախնական համաձայնություն էր ձեռք բերվել նախորդ տարի։
Խոսքը այսպես կոչված «Անքորիջի ոգու» մասին է, որը կառուցված է այն կանխավարկածի վրա, որ «գետնի վրա իրողությունները Ուկրաինայի օգտին չեն, և Կիևը պետք է տարածքային զիջումների գնա»։ Նոյեմբերի 17-ի գիշերը Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և ԶՈՒ գլխավոր շտաբը հաջողված գործողություն են իրականացրել, որի հետևանքով Ղրիմի կամրջի կամարներից մեկը և ճանապարհային հատվածի մի մասը փլուզվել են ծովը, երթևեկությունը լիովին դադարեցվել է։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Գործողության ընթացքում փուլ առ փուլ ոչնչացվել են ռուսական ՀՕՊ համակարգերը, ռադարները և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները։
Ղրիմի կամ Կերչի կամուրջը Կրասնոդարի երկրամասը կապում է թերակղզուն և լոգիստիկ կարևորություն ունի։ Այն կառուցվել է ՌԴ նախագահ Պուտինի անմիջական նախաձեռնությամբ, գործարկվել է 2018-2019 թվականներին և փաստացի խորհրդանշում է Ռուսաստանի հիմնական մասի և Ղրիմի միավորումը։ Չինաստանում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպման, ինչպես նաև Թրամփ-Պուտին-Սի Ծինփին գագաթաժողովի նախօրեին Ուկրաինայի իրականացրած համարձակ գործողությունը, կարծես, ուղերձ է, որ «գետնի վրա իրողությունները միանշանակորեն Ռուսաստանի օգտին չեն»։ Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը Վլադիմիր Պուտինին հորդորել է զինադադար կնքել, այլապես «հաջորդ առաջարկությունները նրա համար կարող են ավելի վատ լինել»։
Վահրամ Աթանեսյան










