Ղրիմի կամրջի երկայնքով գնացքների և ավտոմեքենաների երթևեկությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո՝ հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ մասնագետները գնահատում են հասցված վնասը։ Միևնույն ժամանակ ուկրաինական ԶԼՄ-ները պնդում են, որ ամբողջովին ավերվել է կամրջի անցումներից մեկի ավտոմոբիլային մասը։
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովն էլ հայտնել է, որ ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ղրիմում երկու մարդ է զոհվել։
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը Ղրիմ գնացողներին հորդորել է օգտագործել այլընտրանքային երթուղիներ։ Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովն էլ բնակիչներին խնդրել է զերծ մնալ Կրասնոդարի երկրամաս ուղևորություններից։
Ուֆայում և Սալավատում էլ հաղորդվում է արդյունաբերական գոտիների վրա հարձակման մասին։ Իշխանությունների պնդմամբ՝ կրիտիկական վնասներ չեն հասցվել։ Բաշկորտոստանի արտակարգ իրավիճակների պետական կոմիտեի տվյալներով՝ ՀՕՊ ուժերը խոցել են ավելի քան 50 դրոն։ Բոլոր գործարաններն աշխատում են բնականոն ռեժիմով։ Միևնույն ժամանակ լրատվամիջոցները նշում են, որ հրդեհներ են բռնկվել «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավատ» ձեռնարկության տարածքում։










