Վրաստանի վարչապետ Կոբախիձեն վերահաստատել է, որ ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվի, քանի դեռ Մոսկվան Աբխազիան եւ Հարավային Օսիան «իբր թե պետություններ է ճանաչում». Վահրամ Աթանեսյանի անդրադարձը
Նոյեմբերի 16-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ կապ է հաստատել Վրաստանի փոխարտգործնախարար Գիորգի Զուրաբիշվիլիի հետ եւ առաջարկել, որ գործնական հարցերի շուրջ երկխոսությունը վերսկսվի։
Վրաստանի վարչապետի որոշմամբ՝ հոկտեմբերի 21-ին Զուրաբիշվիլին նշանակվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ։
Այդ որոշումը Վրաստանի քաղաքական, հանրային եւ փորձագիտական շրջանակներում տարաբնույթ մեկնաբանությունների եւ ենթադրությունների տեղիք է տվել։ Խնդրին առանձնակի սրություն է հաղորդել Saqinform պաշտոնական գործակալության գլխավոր տնօրեն Առնո Խիդիրբեգաշվիլիի հոդվածը, որտեղ նա առաջարկել է Ռուսաստանի հետ հարաբերություններում մոռանալ անցյալը եւ օգտագործել Վրաստանը հյուսիս-հարավ եւ արեւելք-արեւմուտք հաղորդակցության հանգույց դարձնելու հնարավորությունը։
Նույն օրը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությանը եւ հաստատել, որ կողմերի փոխարտգործնախարարներ Զուրաբիշվիլին եւ Գալուզինը մոտ ապագայում կհանդիպեն։
Նա, ընդսմին, մեկնաբանել է, որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը բախվում է արգելքի, եւ դա Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի օկուպացիան է, այդ տարածքները «իբր թե պետություններ ճանաչելը»։ Վրաստանի վարչապետը հավաստիացրել է, որ այդ հարցում պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը «փոփոխության չի ենթարկվել եւ չի կարող ենթարկվել»։
Կոբախիձեի ներկայացմամբ՝ Զուրաբիշվիլին եւ Գալուզինը կքննարկեն «այդ ձեւաչափի իրավասությանը ենթակա գործնական հարցեր»։ Դիտարժան է, որ Վրաստանի վարչապետը, չնայած Եվրահանձնաժողովի եւ եվրոպական կառույցների հետ առկա տարաձայնություններին, անցյալ շաբաթ մասնակցել է Եվրոպայի ժողովրդավարական ընկերակցության 9-րդ գագաթաժողովին։ Վրաստանը նաեւ միացել է Ֆրանսիայի նախաձեռնությամբ այդ շրջանակներում ընդունված «Եվրոպայի անվտանգության հիմնական սկզբունքների մասին» հռչակագրին։ Այդ փաստաթուղթը, որ ստորագրել են եվրոպական չորս տասնյակից ավելի երկրների առաջնորդներ, վերահաստատում է Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ աջակցում 1991 թ․ սահմաններով նրա տարածքային ամբողջականության վերականգնմանը։
Դուբլինում կայացել է Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների հանդիպում, որի ընթացքում Իրակլի Կոբախիձեն Հայաստանին շնորհակալություն է հայտնել միջազգային հարթակներում Վրաստանին ցուցաբերած աջակցության համար։
Վրաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպում տեղի չի ունեցել։
Վահրամ Աթանեսյան










