«Հայաստանի քաղաքական դաշտում միակ բանը, որ ալիևյան է, Ռոբերտ Քոչարյանն է։ Գիտե՞ք՝ ինչու։ Նա միակ մարդն է Հայաստանում, որ երբևէ երաշխավորագիր է ստացել Ալիևից»։ Այդ մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։
Նրա խոսքերին տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ բղավելով, թե Ալեքսանյանը սուտ է ասում։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց պատգամավորին պահպանել լռություն։
«Պարոն Մանուկյան, դուք էլ միշտ չէ, որ ճշմարտության խոսափող եք, բայց մենք տեղից չենք գոռում»,– ասաց Ռուբինյանը՝ դիմելով Մանուկյանին։
Ալեքսանյանը հիշեցրեց՝ Քոչարյանը Ադրբեջանական կոմունիստական կուսակցությանն անդամակցել է Հեյդար Ալիևի երաշխավորագրով։
«Սրա մասին պատմում է ռուս հայտնի լրագրողներից մեկը»,– ասաց Ալեքսանյանը՝ մեջբերելով Ալիևի խոսքերը, թե «Ռոբիկն իմ ընկերն է ու բարեկամը, ես նրան երաշխավորագիր եմ տվել կուսակցություն մտնելու համար»։
«Այսինքն՝ հասկանո՞ւմ եք՝ ալիևյան Սահմանադրության դեմ կատաղի պայքար մղող քաղաքական ուժի առաջնորդը հենց ինքը ալիևյան է։ Հասկանո՞ւմ եք պահի ողջ ցինիզմը։
Ինչևէ, հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ Հայաստանում ժողովրդավարության հետընթաց, այնուամենայնիվ, կա։ Առնվազն 2021 թվականի ընտրությունների համեմատ 2026-ի ընտրություններին ընդդիմության բաժանած ընտրակաշառքը մասշտաբներով անասելի մեծ է, ու ի՞նչ է դա, եթե ոչ ժողովրդավարության հետընթաց, ու ես կարծում եմ՝ մենք էլ այս ուղղությամբ պետք է որոշակի հայտարարության տեքստ տարածենք»,– ասաց նա։










