ՎՎարդուհի Հարությունյան

Քուշները` ռուս-ուկրաինական կարգավորման բանակցությունների մասին

Քուշները` ռուս-ուկրաինական կարգավորման բանակցությունների մասին

Ռուս-ուկրաինական բանակցություններում Սպիտակ տան ներկայացուցիչ Ջարեդ Քուշները հայտարարել է՝ հանձնառու են վերջ դնելու պատերազմին և հասնելու երկարատև խաղաղության։ Քուշները տեղեկացրել է, որ ինքը և ամերիկացի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը զրուցել են Վլադիմիր Պուտինի օգնականի հետ՝ քննարկելու արձանագրված առաջընթացը և խաղաղության գործընթացի հաջորդ քայլերը։

«Նաև արդյունավետ հեռախոսազրույց ենք ունեցել Ուկրաինայի և մեր եվրոպացի գործընկերների, այդ թվում՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ»,– հավելել է ամերիկացի բանագնացը։

Քննարկվել են Եվրոպայի և Ռուսաստանի միջև անմիջական երկխոսությունը խթանելու ուղիները։ Քուշներն ընդգծել է Եվրոպայի համար կայուն և անվտանգ ապագա ապահովելու, նաև հակամարտությունների կրկնությունը բացառելու կարևորությունը։ Նրա խոսքով՝ սկսել են նախապատրաստել հաջորդ բազմակողմ հանդիպման օրակարգը, որին պետք է մասնակցի արդեն նաև եվրոպական կողմը։

«ՆԱՏՕ-ն կշարունակի մնալ եվրոպական անվտանգության կարևորագույն հենասյուներից մեկը։ Իսկ Ուկրաինան պետք է մնա ինքնիշխան, անվտանգ և բարեկեցիկ երկիր, որն ազատ է ինքնուրույն որոշելու իր ապագան»,– շեշտել է Քուշները։

Նրա խոսքով՝ Ուկրաինան պետք է ստանա անվտանգության ուժեղ երաշխիքներ, Եվրամիությանն անդամակցելու ուղի և հետպատերազմյան բարգավաճման համապարփակ ծրագիր։

«Այս ամենը կարող է Ուկրաինային տալ ուժ, անվտանգություն, ազատություն և վստահություն՝ Ռուսաստանի հետ մնացած բարդ հարցերի շուրջ բանակցելու և իր ժողովրդի համար ավելի պայծառ ապագա կառուցելու համար»,– համոզմունք է հայտնել Դոնալդ Թրամփի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ խաղաղության ցանկացած վերջնական պայմանագիր պետք է համաձայնեցվի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։ Քուշները վստահեցրել է՝ չնայած տարաձայնություններին՝ բանակցություններում առաջընթաց և կառուցողական գաղափարներ կան։

«Կարևոր մարտահրավերները դեռևս պահպանվում են, վերջնական համաձայնության հասնելու համար անհրաժեշտ կլինեն բարդ որոշումներ»,– եզրափակել է Քուշները։

Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Քուշները և Ուիթքոֆը Բեռլինում կհանդիպեն եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաների հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում