Դիվանագիտական աղբյուրներից The New York Times-ին հայտնի է դարձել, որ Աբու Դաբիում կայացած ուկրաինական կարգավորման բանակցություններում Ռուսաստանի պատվիրակությունը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներին ոչ պաշտոնական փաստաթուղթ է փոխանցել, որտեղ շարադրված են եվրասիական անվտանգության վերաբերյալ Մոսկվայի նախապայմանները։
Ըստ այդմ՝ Ռուսաստանը պահանջում է, որ ՆԱՏՕ-ն վերադառնա 1997 թ. սահմաններին և զորքերը հեռացնի Լեհաստանից և Մերձբալթիկայից։ Այդ առաջարկություններով Մոսկվան անընդունելի է համարում ՆԱՏՕ-ի ցանկացած ներկայություն Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում։ Այդ առթիվ ֆեյսբուքյան Turan Union խումբը, որը, ամենայն հավանականությամբ, ադմիններ ունի միաժամանակ Թուրքիայում, Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայի թյուրքախոս երկրներում, Ռուսաստանի այդ պահանջը գնահատել է որպես «առայժմ ոչ պաշտոնական, բայց ակնհայտորեն աշխարհաքաղաքական կարևորություն ունեցող»։ Հրապարակման հեղինակը շեշտադրել է հատկապես պաշտպանության և անվտանգության ոլորտում Ղազախստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը, որը սկսվել է դեռևս 1990-ական թվականների կեսերին, և հիմնավորել, որ այն ռուս-ուկրաինական պատերազմի հետ ոչ մի կապ չունի։ Խիստ ուշագրավ է, որ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ներկայությունը բացառելու մասին Ռուսաստանի պահանջն ամերիկյան պարբերականը հրապարակայնացրել է Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի հաջորդ օրը։ Կենտրոնական Ասիայի երկրներից Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը ՀԱՊԿ անդամ են։ Ռուսաստանի նախագահը խոստացել է առաջիկա տարիներին ամրապնդել և մեծացնել ռազմաքաղաքական այդ կառույցի հզորությունը։
Turan Union-ը հետևողականորեն շրջանցել է Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունների և Թուրքիայի ռազմավարական համագործակցության խնդիրը։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, դաշինքի հարավարևելյան թևի պատասխանատուն։ Փաստացի Ադրբեջանի բանակը վերակազմավորվել է թուրքականի, այսինքն՝ ՆԱՏՕ-ի չափանիշներով։ Թուրքիան անվտանգության և ռազմական շինարարության ասպարեզներում սերտորեն համագործակցում է Ղազախստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի հետ։ The New York Times-ի հրապարակմանը գրեթե ունիսոն՝ Բաքվի «Ատլաս» վերլուծական կենտրոնի տնօրեն Շահինօղլուն Ֆեյսբուքի օգտահաշվում գրառում է կատարել և կարծիք հայտնել, որ աշխարհաքաղաքական առկա տուրբուլենտության պայմաններում Ադրբեջանի ինքնիշխանության միակ երաշխիքը կարող է լինել նրա տարածքում Թուրքիայի ռազմաբազայի ստեղծումը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ թուրքական ռազմաբազա տեղակայելու անհրաժեշտություն չկա, քանի որ 2021 թ. Շուշիի հռչակագիրը կողմերի միջև ռազմական փոխադարձ օգնություն է նախատեսում։
Ադրբեջանի փորձագիտական հանրության որոշ ներկայացուցիչներ գտնում են, որ թուրքական ռազմաբազան ոչ թե անվտանգության երաշխիքներ կտա, այլ հավելյալ ռիսկեր կառաջացնի՝ կապված Ռուսաստանի և Իրանի կանխատեսելի արձագանքի հետ։
Վահրամ Աթանեսյան










