Ազգային ժողովում քննարկվել է նախագիծ, որով առաջարկվում է սահմանել, որ երեխայի կամ անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ թրաֆիքինգի կամ շահագործման հանցագործություն կատարած անձը չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից գործուն զղջալու հիմքով։
Նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ նոյեմբերի 17-ի նիստին ներկայացրեց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
«Քրեական օրենսգրքով ներկայումս պատասխանատվություն է նախատեսվում միայն մինչև 16 տարեկան անձանց սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարքների համար, մինչդեռ 16 տարին լրացած անձի՝ երեխայի սեռական ազատության առկայությունը դեռևս չի նշանակում, որ նա կարող է ներգրավվել իր համար վտանգ ներկայացնող այնպիսի գործունեության մեջ, ինչպիսին է պոռնկությունը, քանի որ պոռնկությունը վնասում է երեխայի բարոյականությունը, առողջությունն ու լիարժեք զարգացումը։
Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխաների ծառայություններից օգտվելու համար։
Նախագծով նախատեսվում է նաև առավել ծանր պատասխանատվություն այն դեպքերի համար, երբ անձն օգտվում է 12-16 տարեկան տուժողի՝ այդպիսի ծառայություններից»,- ասաց նա։
Ագնեսա Խամոյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին։
Նշենք, որ ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Ուժեղ Հայաստանը», բոյկոտել է նիստը և լքել դահլիճը։










