ԿԿարմեն Ղուկասյան

Սահմանադրության նախագիծը հաշված օրերի ընթացքում կհրապարակվի. Վահագն Ալեքսանյան

Սահմանադրության նախագիծը հաշված օրերի ընթացքում կհրապարակվի. Վահագն Ալեքսանյան

Կարող եմ միայն ասել՝ հաշված օրերի ընթացքում կհրապարակվի Սահմանադրության նախագիծը, ձևաչափի մասին լրացուցիչ տեղեկություններ կլինեն, վստահ եմ՝ ամեն ինչ շատ թափանցիկ կլինի, կտեսնեք։ Այդ մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։

«Թույլ տվեք կոնկրետ օր չասեմ, որ հանկարծ չսխալվեմ»,– ասաց նա։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե նշվել է, որ վարչապետի լիազորությունները սահմանափակվում են, խորհրդարանինը՝ ընդլայնվում, Ալեքսանյանը տվեց դրական պատասխան՝ նշելով, որ նախագծով ընդդիմությանը նաև լրացուցիչ լիազորություններ են տրամադրվում։

«Շատ բան կա, ու դրա մասին, վստահ եմ, առաջիկայում շատ երկար խոսելու հնարավորություն կունենաք։ Կարծում եմ՝ նախ տեքստը պետք է ներկայացնենք հանրությանը, լինեն հանրային քննարկումներ՝ կապված տեքստի հետ, հետո տեքստը պետք է գա Ազգային ժողով»,– ասաց ԱԺ փոխնախագահը։

Ինչ վերաբերում է ընդդիմության հայտարարությանը, թե կողմ չեն քվեարկելու նախագծին, քանի որ Անկախության հռչակագրին հղում չի լինելու, Ալեքսանյանը նշեց՝ սա սահմանադրական փոփոխություններ չէ, այլ նոր Սահմանադրություն, որտեղ այն պարզապես չի ներառվում։

«Հիմա եթե ընդդիմությունը դեմքի բավականին լուրջ արտահայտությամբ պետք է մեզ բացատրի, որ մեր Սահմանադրության մեջ պետք է հղում արվի ՀՀ-ի և ԼՂ-ի միավորման մասին Գերագույն խորհրդի որոշմանը, ապա օկ, պատրաստ ենք նաև դա քննարկել ու լսել նրանց ռացիոնալ արգումենտացիան»,– նշեց նա։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե եթե եղավ այդ հղումը, արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը տարածքային պահանջներ է ներկայացնելու Ադրբեջանին, արդյոք դա է իշխող թիմի մեկնաբանությունը, որ դեմ են դրա ներառմանը, Ալեքսանյանը պարզաբանեց․ «Ակնհայտ է, որ դա տարածքային պահանջ է, այդ ձևակերպումն ինքնին տարածքային պահանջ է, ուրիշ բան, որ Սահմանադրության մեջ դա ուղիղ տեքստով գրված չէ, և ՍԴ-ն դրա հետ կապված որոշում ունի։ Ի՞նչ իմաստ ունի Սահմանադրության մեջ գրել ոչ մի բան չնշանակող արտահայտություն»։

Դիտարկմանը, թե դա ունի պատմական նշանակություն, Ալեքսանյանը հակադարձեց՝ այդ դեպքում եկեք գրենք՝ Ուրմիա լիճն էլ է մերը։

Դիտարկմանը, թե Ադրբեջանի սահմանադրության մեջ էլ կա տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ, պարզաբանեց․ «Խաղաղության համաձայնագրում հստակ գրված է հետևյալը՝ կողմերը չեն կարող, հղում անելով սեփական օրենսդրությանը, այդ թվում՝ սահմանադրությանը, չկատարել սույն համաձայնագրի կետերը, այսինքն՝ խաղաղության համաձայնագիրն ունի ավելի բարձր օրենսդրական ուժ այդ երկրներում՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, քան իրենց օրենսդրությունն է, այդ թվում՝ սահմանադրությունը»։

Լրագրողներից մեկի հարցին՝ այդ դեպքում ինչու են մեզնից նման նախապայման պահանջում, Ալեքսանյանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմն իր համար նախապայման է տեսնում, որ այդ կոնտեքստով, այդ կետի առկայության դեպքում իրենք պատրաստ չեն ստորագրելու Խաղաղության համաձայնագիրը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում