Շենժենում տեղի է ունեցել Պուտին-Սի հանդիպումը

ԴԴիանա Գասպարյան

Շենժենում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Չինաստանի և Ռուսաստանի նախագահները։ Սի Ծինփինը նշել է, որ երկկողմ հարաբերությունները եղել և մնում են անսասան՝ ցանկացած դժվարության պայմաններում։

«Դրանք ունեն լայն հեռանկարներ և կախված չեն աշխարհում տիրող կարճաժամկետ զարգացումներից։ Մեր հարաբերությունները ավելի մեծ կայունություն և կանխատեսելիություն են հաղորդում քաոսային աշխարհին», - համոզմունք է հայտնել Սին։

Նա ընդգծել է Չինաստան-Ռուսաստան հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու կարևորությունը։

«Պատրաստ ենք Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ ջանքեր գործադրել՝ հանուն բարգավաճման», - եզրափակել է Սի Ծինփինը։

Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին բաժին է ընկնում մոլորակի բնակչության 36 տոկոսը և միջազգային առևտրի 50 տոկոսը։ «Եվ մենք ունենք ընդհանուր նպատակ՝ ապահովել խաղաղությունն ու բարգավաճումն այս տարածաշրջանում։ Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն էլ գերազանցել է 200 միլիարդի սահմանագիծը», - շեշտել է Կրեմլի ղեկավարը։

Պուտինը հավելել է՝ շարունակում են զարգացնել հարաբերությունները նաև այլ ոլորտներում։ «Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում մենք հավատարիմ ենք ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը», - ավարտել է խոսքը Պուտինը։

2 ժամ տևած բանակցություններից հետո նախագահները շարունակել են շփումը նախաճաշի ընթացքում։Ակնկալվում է, որ նոյեմբերի 19-ին էլ կկայանա Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների առաջին եռակողմ հանդիպումը։ Թե կոնկրետ ինչ թեմաներ են քննարկելու նախագահները, պաշտոնապես չի հայտարարվել։ Կարող են նաև առանձին երկկողմ շփումներ անցկացվել։

Մանրաամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում