ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին այսօր լրագրողներից մեկը հարց ուղղեց ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ վերջերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում արված հայտարարության վերաբերյալ, թե 2025-ին իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև այնքան է լարվել, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը որոշել է տարհանվել, այնինչ այդ ժամանակ խոսվում էր խաղաղության մասին, և հետաքրքրվեց՝ իսկ հիմա գուցե նույնպիսի իրավիճա՞կ է։
Պապոյանը խորհուրդ տվեց այդ դրվագը ճշտել հենց Արմեն Գրիգորյանից, քանի որ ինքը 2025 թվականին նման դրվագ չի հիշում։
«Անկեղծ՝ կա՛մ տեղեկացված չեմ, կա՛մ չեմ հիշում, կա՛մ ինձ թվում է՝ պարոն Գրիգորյանը մի քիչ սխալ է ասել, օրինակ՝ կարող է 2025-ի տեղը ուրիշ բան ասեր, բայց 2025-ին էդպիսի իրավիճակ չեմ հիշում։ 25-ի մարտին էդպիսի հարց չի բարձրացել, 2025-ի մարտին էդպիսի իրավիճակ չի եղել, 2025-ն ընդհանրապես ֆանտաստիկ տարի է եղել՝ 7,1 տոկոս տնտեսական աճով։ Սա՝ մեկ, իսկ ինչ վերաբերում է էս պահին՝ սահմաններին խաղաղ է, երկրում խաղաղություն է հաստատված, և բոլորը պետք է կենտրոնանան մեկ հարցի՝ Հայաստանի տնտեսության զարգացման վրա»,– ասաց էկոնոմիկայի նախարարը։
Նրա խոսքով՝ չէր կարող լինել այնպիսի մի իրավիճակ 2025-ին, որ ոչ ոք գլխի չընկներ։
«Ինձ թվում է՝ 2025-ի հատվածը պարզաբանման կարիք ունի, երևի վրիպում է եղել»,– ասաց նախարարը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ վերջերս ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը «ԵՄ անդամակցության պատրանքը» հոդվածի շրջանակում անդրադարձ էր կատարել ԵՄ անդամակցությանն ու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին։










