Ադրբեջանում էթնիկ-կրոնական ինքնության շուրջ բանավեճ է սրվում. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Ադրբեջանում էթնիկ-կրոնական ինքնության շուրջ բանավեճ է սրվում. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Ադրբեջանական սոցիալական ցանցերում Միլլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի և պատմաբան-հանրային գործիչ Ակիֆ Նաղիի միջև սուր բանավեճ է ծավալվել։

Պատգամավորը Նաղիին մեղադրել է «թուրք-ադրբեջանական պատերազմ տեսնելու ցանկության» մեջ։ Նա գրել է, որ Նաղին Իրանի Ղում քաղաքի հոգևոր կրթարանի ազդեցության տակ է, իսկ իրականությունն այն է, որ «պատմության մեջ թուրք-ադրբեջանական պատերազմ չի եղել և չի կարող լինել»։

Հակադարձելով պատգամավորին՝ Նաղին գրել է․ «Ես ասում եմ, որ Բաբեկը թուրք է, մերն է, շահ Իսմայիլը մերն է, թուրք է, Սեֆյանները թուրք են, Ադրբեջանը հինգ հազար տարվա պետականության պատմություն ունի, իսկ դու ասում ես, թե նրանք մեզ հետ կապ չունեն․ ահա մեր տարբերությունը»։ Այս բանավեճը, ամենայն հավանականությամբ, խորքային կապ ունի Թուրքիա-Ադրբեջան և Իրան-Ադրբեջան հարաբերությունների հետ։ Բանն այն է, որ Ադրբեջանի պաշտոնական պատմագիտությունն Իրանում իշխած Սեֆյան և Ղաջարական արքայատոհմերը համարում է «թուրք-ադրբեջանական»։ Պատմությունը, մինչդեռ, իրանա-թուրքական մի քանի պատերազմներ գիտի։ Ընդ որում, առաջին լուրջ բախումը տեղի է ունեցել 1514 թ. օգոստոսի 23-ին՝ Չալդրանի դաշտում։ Օսմանյան սուլթան Սելիմ Ահեղի բանակը ծանր պարտության է մատնել շահ Իսմայիլի հեծելազորին։ Պատմական այդ իրադարձությունը տեղ է գտել նաև Ադրբեջանի պատմության դասագրքերում։

Ստացվում է, որ եթե շահ Իսմայիլն իրոք «ադրբեջանական պետության հիմնադիր է», ուրեմն Չալդրանի ճակատամարտը և հետագա 200 տարվա իրանա-օսմանյան պատերազմները «եղել են թուրք-ադրբեջանական»։ Միլլի մեջլիսի պատգամավոր Մուստաֆան այդ վարկածն է ժխտել։ Բայց այդ ժխտումը հերքում է «բազմադարյա ադրբեջանական պետության» գոյությունը, իսկ նման պնդում ոչ միայն պատմաբանները, այլև Ադրբեջանի գործող Սահմանադրության նախաբանն է անում։

Սոցցանցային բանավեճը, այսպիսով, կարելի է գնահատել ավելի լայն համատեքստում։ Պատմաբան Արիֆ Յունուսը 2004 թ. հրատարակած «Ислам в Азербайджане» գրքում ներկայացրել է Սեֆյան Իրանի կողմից ներկայիս Ադրբեջանի տարածքում շիա դավանության «բռնի հաստատումը»։

Միլլի մեջլիսի պատգամավոր Մուստաֆան շահ Իսմայիլին անվանել է «կրոնական ֆաշիզմի հիմնադիր»՝ նկատի ունենալով, որ նա Իրանում շիա դավանությունը պետական կրոն է հաստատել։

Պետական քարոզչությունը, մինչդեռ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համեմատում է հենց շահ Իսմայիլի հետ։ Ինչպե՞ս կլուծվի ինքնության շուրջ ադրբեջանական բանավեճը, դժվար է կանխատեսել։ Ակնհայտ է, որ Թուրքիայի հետ «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքով ռազմավարական համագործակցությունը գոնե պատմական այս փուլում Ադրբեջանի համար այլընտրանք չունի։

Վահրամ Աթանեսյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում