Ֆինլանդիայի նախագահը մեկնաբանել է լուրերը, թե Մոսկվան պահանջում է, որ Հելսինկին դուրս գա ՆԱՏՕ-ից՝ որպես ռուս-ուկրաինական հնարավոր խաղաղ կարգավորման մաս։ Ալեքսանդր Ստուբը շեշտել է՝ իր երկիրը մտադիր չէ դուրս գալ ՆԱՏՕ-ից:
«Սա մի պահանջ է, որը ոչ մի դեպքում չի կարելի լուրջ ընդունել։ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին է միացել 2023 թվականին և կմնա դաշինքի անդամ այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի», - շեշտել է Ստուբը։
Նրա խոսքով՝ Ֆինլանդիայի անդամակցությունը չի վերանայվի. ո՛չ Հելսինկին, ո՛չ էլ դաշինքը դա չեն ցանկանում։
«Մենք հանդես ենք գալիս որպես ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխավոր, իսկ ՆԱՏՕ-ն՝ որպես մեր անվտանգության երաշխավոր։ Բացի այդ, ես ռուսական կողմից նման պահանջ չեմ լսել»,- հավելել է նախագահը։
Օրերս Մոսկվան պաշտոնապես հերքել է շրջանառվող լուրերը: Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի դուրս գալու վերաբերյալ առաջարկ չի ներկայացվել և երբեք չի քննարկվել:









