Մենք գնում ենք անշրջելի խաղաղության Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ. Նիկոլ Փաշինյան

Մենք գնում ենք անշրջելի խաղաղության Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ. Նիկոլ Փաշինյան

Ընդդիմությունը մեր ներքաղաքական դիսկուրսում ամենամեծ նյարդն առաջացնելու համար անընդհատ խոսում է Ադրբեջանի մասին, Թուրքիայի մասին, տալիս է Ադրբեջանի նախագահի անունը, Թուրքիայի նախագահի անունը։ Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի հարցին:

«Մեծ հաշվով՝ սա բնական երևույթ պետք է համարել, որովհետև սա արտահայտում է Հայաստանի նախկին, այդ թվում՝ մենք ենք այդ քաղաքական մտքի մեջ եղել, երբ որ մենք խոսել ենք խաղաղության մասին, մենք խոսել ենք հեռավոր երկրների հետ։ Մենք խաղաղության մասին քննարկել ենք բոլոր երկրների հետ, բացի այն սուբյեկտից, ում հետ պետք է խաղաղություն հաստատենք, իր հետ նույնիսկ շփվելը եղել է պրոբլեմ։

Մենք բաց ենք թողել մի կարևոր նրբություն, որ մեր խնդիրն է խաղաղություն հաստատել մեր միջավայրի՝ Ադրբեջանի, Թուրքիայի հետ։

Ասում են՝ գյոզալ Ավստրալիան ու Բրազիլիան թողած՝ փոխանակ գնաք նրանց հետ խաղաղություն հաստատեք, սրանց խելքին աշեցեք, գնացել են Ադրբեջանի հետ են խաղաղություն հաստատում։

Կարո՞ղ է ձեզնից մեկը կասկածի տակ դնի Ավստրալիայի հետ մեր խաղաղության երաշխավորված լինելը։ Այս կառավարությունը, երաշխավորված խաղաղությունը թողել, գնացել է ինչ-որ կասկածելի խաղաղության։

Մենք, այո՛, խոսում ենք, աշխատում ենք, բանակցում ենք, քննարկում ենք Ադրբեջանի, Թուրքիայի հետ, մեր հարևանների հետ առաջին հերթին, որովհետև խաղաղությունն իրենց հետ պետք է հաստատենք։ Ոչ մի տաղանդ պետք չէ Նոր Զելանդիայի հետ անշրջելի և տևական խաղաղություն հաստատելու համար»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բիզնես շահերը Թուրքիայի հետ միշտ էլ եղել են։ «Եթե մենք նախորդ շրջանում փորձենք նայել՝ ՀՀ-ից էլեկտրաէներգիան ինչ ուղղություններով է արտահանվել՝ ոչ ուղղակի՝ միջնորդավորված, շատ էլեկտրաէներգիա է արտահանվել Թուրքիա։ Չի ասվել, որովհետև միջնորդավորված է արտահանվել։ Հիմա մենք ուզում ենք, որ այդ ամեն ինչը ուղիղ տեղի ունենա, որովհետև դա նորմալ է։

Էլի եմ ասում, որ եթե մենք պետական խնդիր ենք համարում, որ պետք է գնանք Պարագվայի հետ տևական խաղաղություն հաստատենք, դա հաստատված է, ոչ մի ջանքի կարիք չկա։ Եթե կառավարության դերն այն է, որ գա այստեղից կենացներ ասի, մենք հրաժարվել ենք դրանից։ Մենք գնում ենք անշրջելի խաղաղության Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ և մեր միջավայրի հետ, և, այո՛, եթե այդտեղ մարդիկ տեսնում են մեղադրանք, թող մեզ մեղադրեն, մենք Ադրբեջանի հետ ենք աշխատում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում