«Մենք չենք գտնվում երրորդ համաշխարհային պատերազմի մեջ, և սա «Յալթա 2.0» չէ․ ռազմավարական շահերի գոտիների բաժանումը՝ Արևմտյան կիսագունդը՝ ԱՄՆ-ի համար, Եվրոպան՝ Ռուսաստանի, Հարավչինական և Արևելաչինական ծովերը՝ Չինաստանի, տեղի չի ունենում։ Մենք գտնվում ենք ռազմավարական մրցակցության սկզբում, ոչ թե վերջում»,– Շենժենում Թրամփ-Պուտին-Սի Ծինփին գագաթնաժողովի նախօրեին X-ում գրել է բուլղարացի հայտնի աշխարհաքաղաքագետ Վելինա Չակարովան։
Ըստ վերլուծաբանի՝ իրավիճակը համեմատելի չէ, քանի որ միջին տերությունները, առաջին հերթին՝ Հնդկաստանը, կամուրջ են հանդիսանում երկու համակարգերի միջև և անվտանգության առումով համագործակցում են ԱՄՆ-ի, իսկ տնտեսական առումով՝ Չինաստանի հետ և ապահովագրվում են կամ հավասարակշռում են, քանի որ չեն ցանկանում հայտնվել նոր երկբևեռ աշխարհում։ ԱՄՆ-ի և Ռուսաստան-Չինաստան տանդեմի մրցակցությունը նա անվանում է «գլոբալ գորշ գոտիների համար նոր սառը պատերազմ» և ընդգծում, որ Իրանը «ամենասուր հարցն է», քանի որ Պարսից ծոցում կրիտիկական ենթակառուցվածքների ոչնչացումը և Հորմուզի նեղուցի փակումը «գլոբալ ճգնաժամ են հրահրել»։
Չակարովան գրեթե համոզված է, որ Իրանի «պատերազմը կարող է վերաբռնկվել մի քանի շաբաթվա ընթացքում»։ Այս ֆոնին Բաքվի իշխանական haqqin.az-ը TRIPP նախագծի շուրջ հրապարակում է արել: Բավական ծավալուն նյութը կառուցված է իրանական մամուլից քաղվածքների վրա։ Դրանցում առանձնանում է Եվրասիայի հարցերով իրանցի փորձագետ Ահմադ Քազեմիի գնահատականը, ըստ որի՝ «Թրամփի ուղին» երկրորդ Հորմուզի նեղուց է։ Փորձագետը գնահատել է, որ այդ ուղին կարելի է օգտագործել Իրանի հյուսիսից էներգակիրների տարանցման նպատակով, բայց ԱՄՆ-ն ձգտում է այն Թեհրանի ազդեցությունից դուրս թողնել։ Չինաստան մեկնելու նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ Իրանի հարցը քննարկելու է Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հետ։ Նա, սակայն, հավելել է, որ ԱՄՆ-ն «լավ վիճակում է»՝ ակնհայտորեն հասկացնելով, որ Պուտինի և Սի Ծինփինի օգնության կարիքը չի զգում։
Նոյեմբերի 17-ին ԱՄՆ օդուժը Պարսից ծոցի իրանական Քեշմ կղզին հարձակման է ենթարկել։ Պենտագոնը հայտարարել է, որ դիմել է ինքնապաշտպանության։
Նույն օրը Ուկրաինան խոցել է Ղրիմի կամուրջը, որի հետևանքով թերակղզու հետ Կրասնոդարի երկրամասից ավտոմոբիլային հաղորդակցությունը խզվել է։ Փորձագիտական կայուն տպավորություն կա, որ ուկրաինական «հանդուգն և գերճշգրիտ գործողությունը չի կարող չազդել Թրամփ-Պուտին բանակցությունների վրա»։
Վահրամ Աթանեսյան








