Մահը, ըստ արձանագրված փաստի, վրա է հասել սուր սրտային անբավարարությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին

Մահը, ըստ արձանագրված փաստի, վրա է հասել սուր սրտային անբավարարությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին

Եթե անձի ինքնազգացողությունը վատացած լիներ ավելի շուտ, քան դեպքը պատահելու օրը, դրա մասին մենք տեղյակ կլինեինք։ Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան մասին ընդդիմության ներկայացրած վարկածների վերաբերյալ հարցին։

«Եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ մենք կարող էինք անգործություն դրսևորել, ապա ես վստահ եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները ձայն կբարձրացնեին և կստիպեին մեզ ուշադիր լինել, որ կոնկրետ անձի ինքնազգացողությունը վատացել է։ Այդպիսի փորձ մենք ունենք տարբեր դեպքերում։

Ես կրկին ուզում եմ ասել՝ փառք Աստծո, որ մենք ունենք ՔԿՀ-ում տեղադրված տեսախցիկ, որն արձանագրել է հստակ րոպեները, թե ինչ հաճախականությամբ են ծառայողները մոտեցել խցին, ինչ արագությամբ է արձագանքը եղել, երբ է գրանցվել շտապօգնության կանչը, երբ է ժամանել շտապօգնությունը ՔԿՀ։

Անձը մինչև ՔԿՀ-ում հայտնվելը դատական նիստի ընթացքում իր առողջության հետ կապված որևէ բողոք կամ դիտարկում չի ներկայացրել, ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում երբևէ որևէ անհանգստություն չի արտահայտել առողջական վիճակի հետ կապված։ Մենք չունենք փաստաթղթավորված որևէ ազդակ, որ տվյալ անձն իրեն վատ է զգացել։

Ինքնազգացողության վատացումը եղել է հենց դեպքի օրը՝ առավոտյան, ինչին ծառայողները և բժշկական սպասարկում իրականացնող անձինք հրատապ կերպով արձագանքել են։

Մահը, ըստ արձանագրված փաստի, վրա է հասել սուր սրտային անբավարարությունից։ Սրանք փաստեր են, որոնց հետ մենք պետք է առերեսվենք։

Բացի նշվածից՝ ընթանում է քրեական գործով համապատասխան վարույթ, այսինքն՝ դեպքը գտնվում է իրավապահ մարմինների տիրույթում, և իրականացվում է քննություն։ Բոլոր փաստերին գործի կողմերը կարող են ծանոթանալ, կարող են ծանոթանալ նաև մեր կողմից իրականացվող ծառայողական քննության փաստերին»,– նշեց արդարադատության նախարարը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը։

ՔԿԾ-ից հայտնել են, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել։ ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում