Նոր Սահմանադրության հայեցակարգը և գաղափարաբանությունն առաջարկում են հենվել Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա, ՀՀ-ն ֆիքսել որպես պետություն միջազգայնորեն ճանաչված տարածքով, փակել կոնֆլիկտների էջը, պետությունը զարգացնել և այն փոխանցել սերնդեսերունդ: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցին, թե ինչպիսի տարբերություններ է նկատում անցած խորհրդարանական ընտրությունների և նոր Սահմանադրության գալիք հանրաքվեի միջև:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Նոր Սահմանադրության ուղերձը մեկն է, որ մենք փակում ենք կոնֆլիկտների էջն ընդհանրապես, բոլոր ուղղություններով կոնֆլիկտների էջը փակում ենք, և խաղաղությունը դարձնում ենք անշրջելի: Սա է տրամաբանությունը: Եվ ժողովրդի իշխանությունն ենք դարձնում անշրջելի, և պետության գործառնական նշանակությունն ենք դարձնում անշրջելի:
Եթե քաղաքական բանավեճը թարգմանենք, ապա մի կողմում այս տեսլականն է, մյուս կողմում այն տեսլականն է, որ ՀՀ-ն մենք պետք է դարձնենք որպես հենման կետ՝ անընդհատ այլ Հայաստանների մեր փնտրտուքն ապահովելու համար, այսինքն՝ մենք պետք է հենվենք այսօրվա ՀՀ-ի վրա, որպեսզի մենք գնանք, փնտրենք և ձեռք բերենք նոր Հայաստաններ: Այդ նոր Հայաստանները կկոչենք Արցախ, թե Արևմտյան Հայաստան, թե կկոչենք ուրիշ անունով... Եվ ընտրությունը սրա մեջ է, որ մենք ի վերջո ունենո՞ւմ ենք հարատև պետություն, թե՞ չենք ունենում»:
Նիկոլ Փաշինյանը նաև կարծիք հայտնեց, թե այդ օրակարգը պատմական ցիկլերի սխալ մեկնաբանության և մեր պատմությունը չիմանալու արդյունք է: Իսկ այլընտրանքը պատմության հետ առերեսվելն է և պատմական շանսը օգտագործելը, որպեսզի ոչ միայն այսօր ունենանք պետություն, այլև փոխանցենք այն սերնդեսերունդ:








