Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ COP 17-ի շրջանակում երեխաների և երիտասարդների համար կազմակերպվել է Մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքին առնչվող թեմայով պանելային քննարկում։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
Մարդու իրավունքների պաշտպանը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 29-ին «Կանաչ գոտում» երեխաների և երիտասարդների համար կազմակերպել է «Մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունք։ Կենսաբազմազանության պահպանման ոլորտում հասարակության մասնակցության երաշխավորման կարևորությունը» թեմայով պանելային քննարկում։

Քննարկման նպատակն էր բարձրացնել երեխաների և երիտասարդների իրազեկվածությունը մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքի, կենսաբազմազանության պահպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերի, ինչպես նաև հասարակության, այդ թվում՝ երեխաների ու երիտասարդների մասնակցության կարևորության վերաբերյալ։
Պանելային քննարկումը վարել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը։ Պանելային քննարկման մասնակիցներն էին ՄԻՊ աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանը, կենսաբազմազանության փորձագետ Ալլա Ալեքսանյանը, Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամ Մարիետա Սոսոյանը և խորհրդին կից աշխատանքային խմբի անդամ Ավետ Հովհաննիսյանը։
Պանելային քննարկմանը ներկա են գտնվել Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցները, Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամները, ՀՀ տարբեր մարզերի ուսումնական հաստատությունների երեխաներ։
Քննարկման ընթացքում ներկայացվել են մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքի երաշխավորման, կենսաբազմազանության պահպանման կարևորությունը, այդ գործընթացում հասարակության մասնակցության առանցքային դերն ու մասնակիցների փորձառությունն այդ ոլորտում։ Քննարկումն անցել է հարց ու պատասխանի ձևաչափով, որը հնարավորություն է տվել ներկաներին հարցեր ուղղել պանելային քննարկման մասնակիցներին, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանն ու ծանոթանալ Պաշտպանին առընթեր խորհրդի շրջանակում գործունեություն իրականացնող երեխաների ու երիտասարդների փորձառությանը։
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ընդգծում է մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրի իրավունքի պաշտպանության, կենսաբազմազանության պահպանության և այս գործընթացներում երեխաների ու երիտասարդների իրազեկված ու ակտիվ մասնակցության ապահովման կարևորությունը։










