Եվրամիությունն արձագանքել է Կրեմլի հայտարարությանը, որի համաձայն՝ Մոսկվան չի ցանկանում ԵՄ-ին տեսնել ռուս-ուկրաինական կարգավորման վերաբերյալ բանակցությունների սեղանի շուրջ:
«Եվրամիությունը շարունակում է մասնակցել պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերին՝ չնայած Մոսկվայի հայտարարություններին, որ հրաժարվում է եվրոպացիներին հրավիրել Աբու Դաբիում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հաջորդ փուլին»,- նշել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինոն։
Պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել՝ արդյոք ԵՄ-ն կներկայացվի՞ հաջորդ հանդիպմանը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Եվրոպայի նման բանակցությունների մասնակիցները պետք չեն Ռուսաստանին և դժվար թե պետք լինեն ԱՄՆ-ին:
«Եվրամիությունը սադրիչ դիրքորոշում է որդեգրել՝ ուղղված պատերազմի հետագա հրահրմանը և շարունակմանը։ Մեզ նման մասնակիցներ պետք չեն։ Եվ հազիվ թե դրանք պետք լինեն ամերիկացիներին, որոնք, ընդհակառակը, փորձում են խաղաղության հասնել»,- ասել է Կրեմլի խոսնակը:










