Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ժամանել է Թուրքիա՝ Անկարայում անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 13-րդ նիստին մասնակցելու համար։
Նրան դիմավորել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Ելույթ ունենալով նիստում՝ Բայրամովը նշել է, որ կազմակերպությունում Ադրբեջանի նախագահության առաջնահերթությունների շարքում են ընդհանուր պատմական և մշակութային ժառանգության պահպանումը, ժողովուրդներին միավորող կապերի ամրապնդումը, ինստիտուցիոնալ արդյունավետությունը, տնտեսական և տրանսպորտային կապերը, ինչպես նաև կազմակերպության միջազգային հեղինակությունը։
Նա նաև շեշտել է անվտանգության ոլորտում քաղաքական երկխոսության և համակարգման ամրապնդման կարևորությունը և այդ առումով՝ 2027 թվականին նախատեսված պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ արտադրության և տեխնոլոգիական համագործակցության ճանապարհային քարտեզի ընդունումը։
Նախարարը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը կազմակերպության արդյունավետության բարձրացման և մասնակիցների միջև համագործակցության զարգացման հարցում։










