Ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները, որոնց կմասնակցեն Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչները, տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնականը:
Յուրի Ուշակովի խոսքով՝ հստակ ամսաթիվը դեռ որոշված չէ, թեև Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 10-ին: Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ ռուսական պատվիրակության կազմը ևս դեռ վերջնականացված չէ։ «Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների ժամկետը կախված կլինի տարբեր գործոններից, այդ թվում՝ ռազմաճակատում տիրող իրավիճակից և այլ հանգամանքներից»,- մանրամասնել է Ուշակովը։ Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին եվրոպական կողմի մասնակցությանը՝ Վլադիմիր Պուտինի օգնականը նշել է, որ այդ հարցը դեռ չի քննարկվում։ Ավելի վաղ Ուշակովը հայտարարել էր, որ բանակցություններում Եվրոպայի հնարավոր ներկայացուցչի հարցը կդիտարկվի շատ ավելի ուշ փուլերում, այժմ քննարկումներին մասնակցելու են միայն Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ը:








