Երեխայի աչքերով տեսնել բռնությունը և անել ամեն ինչ՝ այն կանխարգելելու համար․ Զարուհի Բաթոյան

Երեխայի աչքերով տեսնել բռնությունը և անել ամեն ինչ՝ այն կանխարգելելու համար․ Զարուհի Բաթոյան

Այսօր Ազգային ժողովում բացվել է «Ընդդեմ ընտանեկան բռնության շարժման» կազմակերպած՝ «Փոքրիկ հոգու վիճակ» խորագրով ցուցահանդեսը։ Ներկայացված մանկական նկարները յուրովի արտացոլում են ընտանեկան բռնության ծանր հետևանքները երեխաների հոգեբանության վրա։ Այդ մասին սոցցանցում գրառում է կատարել պատգամավոր Զարուհի Բաթոյանը։

«Ցուցադրված աշխատանքները փոխանցել են ընտանեկան բռնության ենթարկված կանայք։ Դրանցում փոքրիկներն արտահայտել են իրենց ապրումներն ու հույզերը՝ պատկերելով իրենց կյանքի երկու հակադիր փուլերը՝ բռնության միջավայրում ապրելու ընթացքը և ապաստարանում արդեն ապահով ու պաշտպանված լինելու պահերը։ Այս նկարները խոսուն վկայություններ են այն մասին, թե որքան կենսական է ժամանակին տրամադրված պաշտպանությունը։

Այս նախաձեռնությունը հատկապես կարևոր է հենց այս օրերին, երբ Ազգային ժողովի նիստերի օրակարգում ընդգրկված է ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված՝ մեր նախաձեռնած օրենսդրական մեծ փաթեթը։

Մենք՝ պատգամավորներս ու որոշում կայացնողներս, գուցե միշտ չէ, որ ամբողջությամբ պատկերացնում ենք, թե ինչ ազդեցություն են ունենում մեր որոշումներն ու ընդունած օրենքները մարդկանց կյանքի վրա։ Այս ցուցահանդեսը հնարավորություն է՝ երեխաների աչքերով տեսնելու այն ցավը, որը պարտավոր ենք կանխել, և առավել խորությամբ գիտակցելու, թե մարդկային ինչ ճակատագրերի են առնչվում այս շենքի դահլիճներում ծավալվող քննարկումներն ու մեր ընդունած օրենքները»,- գրառման վերջում նշել է պատգամավորը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում