Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը որպես բանախոս մասնակցել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում՝ Կապույտ գոտու Հայաստանի տաղավարում անցկացված «Մարդու իրավունքների վրա հիմնված գործողություններ՝ հանուն կենսաբազմազանության․ հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով բարձր մակարդակի երկխոսությանը։
Հայաստանի նախագահության և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի համագործակցությամբ կազմակերպված քննարկման նպատակն էր անդրադառնալ մարդու իրավունքների և կենսաբազմազանության պահպանության փոխառնչությանը, ինչպես նաև բնապահպանական քաղաքականություններում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումների ներդրման հնարավորություններին ու մարտահրավերներին։
Անահիտ Մանասյանն իր խոսքում ընդգծել է, որ, չնայած արձանագրված զարգացումներին, Հայաստանում շարունակում են պահպանվել մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրի իրավունքի ապահովմանն առնչվող մի շարք խնդիրներ։
Դրանք վերաբերում են ինչպես բնապահպանական հարցերում հանրային մասնակցության և արդարադատության մատչելիության ապահովման ոլորտներին, այնպես էլ ոլորտային կոնկրետ խնդիրներին։ Պաշտպանը, մասնավորապես, անդրադարձել է սահմանված չափանիշների խախտմամբ իրականացվող՝ շինությունների քանդման աշխատանքներին, որոնք էական ազդեցություն են ունենում օդի աղտոտվածության մակարդակի վրա, թույլատրելի սահմանաչափերը գերազանցող աղմուկին, հանքարդյունաբերության ոլորտում առկա՝ իրավունքներին առնչվող և այլ խնդիրների։
Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձել է նաև հանրային մասնակցությունը սահմանափակելուն ուղղված ռազմավարական դատական հայցերից (SLAPP) պաշտպանության կառուցակարգերի անհրաժեշտությանը՝ ընդգծելով, որ Հայաստանին անհրաժեշտ է ընդունել հակա-SLAPP օրենսդրություն և մշակել այդ նպատակին ուղղված համապատասխան կառուցակարգեր։
Պաշտպանը խոսել է նաև նշված հարցը ներպետական քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում իր կողմից բարձրաձայնելու օրինակների մասին։
«Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության համար կարևոր է, որ որոշումների կայացման գործընթացում հաշվի առնվեն մարդկանց կարիքները, իրավունքներն ու օրինական շահերը։ Բնապահպանական քաղաքականությունների մշակման և իրականացման ընթացքում ևս անհրաժեշտ է ապահովել հանրության մասնակցությունը, տեղեկատվության հասանելիությունը և արդյունավետ պաշտպանության մեխանիզմների առկայությունը»,– նշել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանի դիտարկմամբ՝ բնապահպանական հարցերի շուրջ հանրային մասնակցության ապահովումը ենթադրում է ոչ միայն տեղեկատվության հասանելիություն, այլև մարդկանց կարծիքներն ու առաջարկությունները լսելու և որոշումների կայացման ընթացքում դրանք պատշաճորեն հաշվի առնելու հնարավորություն։ Այս համատեքստում շարունակում են պահպանվել տարատեսակ խնդիրներ։ Հանրային մասնակցության տեսանկյունից կարևոր է նաև կանանց, երիտասարդների և տեղական համայնքների ներգրավվածությունը։
Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է նաև մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրի իրավունքի վերաբերյալ հանրային իրազեկվածության ցածր մակարդակի մասին՝ ներկայացնելով այս ուղղությամբ Պաշտպանի հաստատության մեկնարկած լայնածավալ աշխատանքներն ու արդեն իրականացված միջոցառումները։
Բարձր մակարդակի երկխոսությանը մասնակցել են նաև ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Պանամայի շրջակա միջավայրի նախարար Խուան Կառլոս Նավարոն, ՄԱԿ-ի՝ մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրի մարդու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Աստրիդ Պուենտես Ռիանյոն և Կենսաբազմազանության համաշխարհային երիտասարդական ցանցի քաղաքականության հարցերով համահամակարգող Սեֆա Թաուլին։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների հետևողական ներառումը բնապահպանական քաղաքականություններում, ինչպես նաև այնպիսի պայմանների ապահովումը, որոնց դեպքում յուրաքանչյուրի իրավունքներն ու շահերը պատշաճորեն հաշվի կառնվեն կենսաբազմազանության պահպանությանն ուղղված որոշումների կայացման և իրականացման գործընթացներում։















