Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին հայտարարել է, որ ամերիկացիներն արձագանքել են Իրանի ներկայացրած յոթ պայմանին՝ պատերազմը դադարեցնելու և Հորմուզի նեղուցը բացելու համար, սակայն Թեհրանը նրանց արձագանքը անբավարար է համարում։
«Մենք ամերիկացիներին ներկայացրել ենք յոթ պայման. եթե դուք չկատարեք դրանք, Հորմուզի նեղուցը ձեզ համար չի բացվի, և բանակցությունների մասին խոսք լինել չի կարող։ Ամերիկացիներն իրենց պատասխանում մասամբ են համաձայնել մեր պայմաններին»,- հայտարարել է Ռեզաին։
Նա նշել է, որ «իրանական դիվանագիտությունը փոխվել է, և նախկին վիճակին վերադարձ չի լինի», միաժամանակ հիշեցրել է, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ անցկացրել է բանակցությունների երեք փուլ, և ամեն անգամ ամերիկացիները լքել են բանակցությունների սեղանն ու հարձակվել Իրանի վրա։
Իրանական կողմը պատրաստ է վերաբացել Հորմուզի նեղուցն ու վերսկսել բանակցությունները Վաշինգտոնի հետ, եթե կատարվեն ներկայացված պայմանները, այդ թվում՝ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի ռազմածովային շրջափակումը և վերացնի իրանական նավթի վաճառքի սահմանափակումները։










