Արտաքին քաղաքական գերատեսչության նախկին շենքի վերակառուցման նախագիծը՝ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում

Արտաքին քաղաքական գերատեսչության նախկին շենքի վերակառուցման նախագիծը՝ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Հանրապետության հրապարակի համալիրում գտնվող Կառավարական երկրորդ տան՝ արտաքին քաղաքական գերատեսչության նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։

Կառույցի նախագիծն իրականացնող կազմակերպությունը բրիտանական ճարտարապետական, քաղաքաշինական և դիզայներական Foster+Partners ընկերությունն է։

Ողջունելով խորհրդի անդամներին և նիստի մասնակիցներին՝ նախարարը նշել է, որ նախագիծը Գիտամեթոդական խորհրդի քննարկմանն է ներկայացվում արդեն երրորդ անգամ։ Նախորդ քննարկումների ընթացքում ներկայացվել են մասնագիտական մի շարք դիտարկումներ և առաջարկներ, որոնց հիման վրա նախագիծը լրամշակվել և կրկին ներկայացվել է խորհրդի քննարկմանը։

«Հուսով եմ՝ լրամշակված առաջարկը թույլ կտա իրականում վերակենդանացնել հրապարակի այս տարածքը՝ հաշվի առնելով երկարատև քննարկումներն ու համատեղ աշխատանքը։ Շատ կարևոր խնդիր է վերականգնել հրապարակի կենսունակությունը, այդ տարածքը վերադարձնել հանրությանը և կրկին ակտիվ շրջանառության մեջ դնել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարն ընդգծել է, որ ի սկզբանե նախագծի առանցքային նպատակներից են եղել տարածքի հասանելիության մեծացումը, դեպի հարակից փողոց նոր անցման ապահովումը և լրացուցիչ հանրային տարածքների ստեղծումը։ Նրա խոսքով՝ այս լուծումները կարող են նպաստել Երևանի կենտրոնական հատվածում հետիոտնային շարժի և անցուդարձի բարելավմանը, ինչպես նաև Հանրապետության հրապարակի ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնմանը։

Ժաննա Անդրեասյանն ԱԳՄԱՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը կարևորել է նաև Հանրապետության հրապարակի զարգացմանն ուղղված մյուս նախաձեռնությունների համատեքստում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանից դեպի Հայաստանի պատմության թանգարան ստորգետնյա անցում ստեղծելու գաղափարին։

«Եթե կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել և ԱԳՆ նախկին շենքի մասով աշխատանքներին զուգահեռ իրականացնել նաև այս նախագիծը, ապա, ըստ էության, հրապարակին երկրորդ շունչ կտանք՝ ամբողջական լուծման տրամաբանությամբ»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ կարևորելով նախագծի շուրջ կառուցողական մասնագիտական քննարկումը։

Նախարարը կարևորել է նաև նախագծերի շուրջ մասնագիտական համայնքի և գործընկեր կառույցների համատեղ աշխատանքը՝ ընդգծելով, որ խոշոր քաղաքաշինական և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ընթացքում անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծումներ, որոնք հաշվի կառնեն ինչպես մասնագիտական դիտարկումները, այնպես էլ հանրային տարածքների զարգացման և արդյունավետ օգտագործման պահանջները։

Այս համատեքստում նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ թիմում ընդգրկվել են տեղացի ճարտարապետներ, իսկ աշխատանքներն իրականացվել են պատմական արժեքների գույքագրմամբ։ Նրա դիտարկմամբ՝ համատեղ աշխատանքը, այդ թվում՝ Գիտամեթոդական խորհրդի մասնագիտական դիտարկումների ներառմամբ, պետք է գնահատել որպես արդյունավետ համագործակցություն։

Նախագծի հեղինակ Նայլ Դեմփսին ներկայացրել է լրամշակված նախագիծը և նախորդ քննարկումների ընթացքում հնչած դիտողությունների հիման վրա կատարված փոփոխությունները։ Նրա խոսքով՝ նախագծի հիմքում դրվել է շենքը քաղաքի հետ կապելու գաղափարը՝ մշակույթը, արվեստը, ձեռարվեստն ու ժամանցը դարձնելով շենքի բովանդակության մաս։

«Նախագծի առանցքում հուշարձան շենքի պատմական արժեքների բացահայտումն ու պահպանումն է։ Մենք ցանկացել ենք ընդգծել, որ ժառանգությունը և առաջընթացը չեն հակասում իրար։ Մեզ համար մարտահրավերային էր պատմության և ժամանակակից լուծումների միավորումը»,- ասել է հեղինակը։

Քննարկման ընթացքում Գիտամեթոդական խորհրդի անդամները հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները։ Դրանք հիմնականում վերաբերել են հրապարակի ընդհանուր ճարտարապետական լուծումները նախագծին համապատասխանեցմանը, ընտրված նյութերին, ավելացվող հատվածների ծավալատարածական լուծումներին և այլ հարցերի։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©