Ֆրանսիան պատրաստում է իր ենթակառուցվածքներն արտաքին միջամտությունից և կիբերհարձակումներից պաշտպանելու ծրագիր. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հրամայել է մշակել Ֆրանսիայի կարևորագույն ենթակառուցվածքները «ռուսական հիբրիդային հարձակումներից» պաշտպանելու ծրագիր, հաղորդում է Le Figaro-ն։
«Մենք կշարունակենք մեր պաշտպանությունն արտաքին միջամտությունից և կիբերհարձակումներից», - ասել է նա՝ ելույթ ունենալով խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո։
Նախագահը հայտարարել է, որ հրամայել է բարձրացնել զգոնությունը «ռուսական սպառնալիքի» դեմ։ Նրա խոսքով՝ դա ներառում է «մեր կարևորագույն ենթակառուցվածքները, մեր արդյունաբերական և տեխնոլոգիական պաշտպանական բազայի ամենազգայուն բաղադրիչներն անօդաչու թռչող սարքերի հարձակումներից և կիբերհարձակումներից պաշտպանելու ծրագիր»։
Ելիսեյան պալատում կուսակցությունների առաջնորդների և 2027 թվականի նախագահի ընտրության թեկնածուների հետ հանդիպումից հետո Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայում սպառնալիքների բնույթը փոխվում է։









