Միջազգային
ՉԵՆՔ ՎԱԽԵՆՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՑ. ՂԱԼԻԲԱՖ
Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գինը շուտով ավելի կնվազի, երբ պատերազմն ավարտվի, քանի որ, ըստ ԱՄՆ նախագահի, Իրանը չի կարող երկար դիմանալ: «Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է։ Ներգրավված եմ բանակցություններին։ Կարծում եմ՝ շուտով կարող են արդյունքներ լինել», - հավելել է Թրամփը: Նրա խոսքով՝ ամերիկյան բանակն իր օրոք ավելի է հզորացել և համալրվել զինատեսակներով: «Մենք հիանալի վիճակում ենք։ Բայց, ամեն դեպքում, միշտ ավելիի կարիքը կա», - շարունակել է Սպիտակ տան ղեկավարը:
Թեհրանից էլ նախազգուշացրել են՝ ԱՄՆ զինված ուժերը լուրջ խնդիրների կբախվեն, եթե Իրանի ծովային շրջափակումը շարունակվի։ Իրանից նաև հայտարարում են, որ թույլ չեն տա Հորմուզի նեղուցով երկրորդ երթուղի բացել նավերի անցման համար: Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակն իր հերթին մեղադրել է Վաշինգտոնին՝ բանակցությունների պատրվակով զանգվածային հարձակման նախապատրաստվելու համար: «Մենք չենք վախենում ամերիկյան սպառնալիքներից: Հորդորում ենք Վաշինգտոնին՝ կատարել ստանձնած պարտավորությունները», - շեշտել է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Պահպանվում է նաև հութիներ-Էր Ռիադ լարվածությունը: Տեղեկություններ կան, որ Եմենի Անսար-Ալլահ շարժումը շարունակում է հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային՝ հաջակցություն Իրանի: Սաուդական կողմը հայտնել է Եմենի հետ սահմանային տարածքներում խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ հութիները թիրախավորել են նաև Եմենի կառավարական ուժերին, հաղորդվում է մի քանի տասնյակ զոհերի մասին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Թուրքիայի նախագահը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սաուդյան Արաբիա։ Ռեջեփ Էրդողանին ընդունել է թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը: Սաուդյան Արաբիայում է նաև Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը։
Բանակցություններից հետո կողմերը ստորագրել են եռակողմ պաշտպանական պայմանագիր: Անկարայից հայտնել են, որ փաստաթղթով նախատեսվում է փոխադարձ աջակցություն միայն պաշտպանական նպատակներով, նաև կողմերը հետախուզական տվյալներ կփոխանակեն: Ըստ կողմերի՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի համաձայնություններն ուղղված չեն որևէ երկրի դեմ, և պայմանագրին կարող են միանալ տարածաշրջանի այլ պետություններ։
Ընդ որում «Մեքքայի համաձայնագրի» հիմնական դրույթներից է հավաքական պաշտպանության սկզբունքը, որի համաձայն՝ երկրներից մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլոր կողմերի վրա։
Թեհրանից արձագանքել են, հայտարարել, որ Թուրքիայի և Պակիստանի հետ կնքած «թղթային համաձայնագիրը» չի ապահովի Սաուդյան Արաբիայի անվտանգությունը, ինչպես չի ապահովել Միացյալ Նահանգների հետ գործակցությունը:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲԱՅՐԱՄՈՎԻՆ
Վոլոդիմիր Զելենսկին ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին, որը պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ պաշտոնական այցով մեկնել է Կիև: Մինչև Ուկրաինայի նախագահի հետ հանդիպելը Ջեյհուն Բայրամովն այցելել է Իրպին, եղել տեղի դպրոցում, հիվանդանոցում և վերականգնողական կենտրոնում, որոնց ադրբեջանական կողմը պարբերաբար աջակցություն է տրամադրում:
Ըստ ուկրաինական կողմի հաղորդագրության՝ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բայրամովին՝ այցի, օգնության և ուկրաինացի ժողովրդի հետ Բաքվի համերաշխության համար: Պաշտոնյաները քննարկել են Ուկրաինային ռուսական հարվածները և Սև ծովում իրավիճակը: «Անդրադարձել ենք բարձր մակարդակի դիվանագիտական շփումներին, պաշտպանական, տնտեսական, էներգետիկ, գյուղատնտեսական, հումանիտար ոլորտներում գործակցությանը», - մանրամասնել է Զելենսկին:
Ավելի վաղ Բայրամովին ընդունել էր Ուկրաինայի արտգործնախարարը: Անդրիյ Սիբիհան բարձր էր գնահատել Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Ադրբեջանի արտգործնախարարն էլ նշել էր, որ Բաքուն պատրաստ է բնական գազ մատակարարել Ուկրաինային:
ՌԴ-Ն ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՐՎԱԾՆԵՐԸ
Ռուսաստանը և Ուկրաինային շարունակում են փոխադարձ հարվածները: Ռուսաստանի ՊՆ տվյալով՝ գիշերը խոցել են ուկրաինական 203 անօդաչու թռչող սարք: Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Ռոստովի, Ռյազանի, Տուլայի և այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը, Թաթարստանը և այլ տարածքներ: Կրկին Wildberries-ի պահեստ է հարձակման ենթարկվել՝ այս անգամ Եկատերինբուրգում, հրդեհ է բռնկվել, հարյուրավոր մարդիկ տարհանվել են:
Ռուսաստանն էլ հարվածել է Ուկրաինային: Կիևում և այլ բնակավայրերում օդային տագնապ է հայտարարվել, Սումիի շրջանում կան տուժածներ:
Այս ֆոնին՝ ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ ռուս-ուկրաինական կարգավորման ուղղությամբ առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ Վաշինգտոնի դիվանագիտական ջանքերով: Դոնալդ Թրամփը մտահոգվել է, որ երկու կողմից էլ կորուստների թիվն աճում է:
Զուգահեռ՝ ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալասը տեղեկացրել է, որ ռուսական գործողություններին ի պատասխան՝ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է ընդունել Դաշնության ռազմարդյունաբերական համալիրի հետ առնչություն ունեցող հինգ անձի նկատմամբ։









