Հարկերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն գործարարներն այսուհետ կարող են ստանալ էլեկտրոնային հարթակում։ Նրանց համար մշակվել է ուղեցույց՝ հիմնական հարկատեսակների վերաբերյալ։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշում է՝ ուղեցույցները կօգնեն հարկատուներին, առաջացած հարցերի դեպքում կտան ավելի պարզ և մանրամասն պարզաբանումներ։ Նշեց, որ իրենք գոհ են կատարած աշխատանքից, սակայն իրական գնահատականը պիտի տա հարկատուն:
«Հարկ վճարողները կկարողանան գործել ավելի կանխատեսելի հարկային միջավայրում, որովհետև հարթակում գործնական օրինակներով, իրավիճակային լուծումներով ներկայացվում են հարկային օրենսդրության հիմնական կարգավորումները։ Նախատեսում ենք, որ ուղեցույցները պարբերաբար լրամշակվելու են, քանի որ զուգահեռաբար փոփոխություններ են իրականացվում նաև հարկային օրենսդրությունում և, շարունակաբար հարստացվելով, կդառնան իրապես սեղանի գիրք հարկ վճարողի համար»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Ուղեցույցները տեղադրված են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կայքում։ Դրանք մշակվել են Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ։ Սա ՀՀ ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի համատեղ նախաձեռնությունն է։










