Չի կարող և չի եղել այնպիսի դեպք, երբ վարչապետը իրավապահ մարմինների գործողությունն անոնսի: Այդ մասին լրագրողներին ասաց ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետի այսօր արած գրառումից հետո իրավապահ մարմինների նոր գործողություններ կլինե՞ն:
«Մենք ունեցել ենք երևույթ, երբ իրավապահները փորձել են գործողություն իրականացնել Էջմիածնի տարածքում, ցավոք, որովհետև անձը, որը որ պետք է ներկայանար իրավապահ մարմիններին, ըստ էության, թաքնվել էր եկեղեցու տարածքում, և ուրեմն, դրանով պայմանավորված՝ գործողություններ են եղել: Քանի որ կան մարդիկ, որոնք մտածում են, որ ՀՀ-ում կա ինչ-որ տարածք, պաշտոն, անուն-ազգանուն, կա ինչ-որ հագուստ, որը նրան դարձնում է օրենքի առաջ անձեռնմխելի բոլոր առումներով, այն մասին է այս գրառումը, որ նման բան հնարավոր չէ»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Կաթողիկոսին վեհարանից հեռացնելու գործընթացի վերաբերյալ պատկերացումներին՝ նա ասաց. «Քանի որ վարչապետը նաև հայտարարություն է հրապարակային արել խորհրդի ձևավորման և խորհրդի կազմի մասին է ներկայացրել, հենց այդ կազմը պետք է օրակարգը մշակի: Մենք ոչ մեկ անգամ խոսել ենք, որ հնարավորինս համերաշխ, եղբայրական մթնոլորտում պետք է դա տեղի ունենա՝ եկեղեցին չվնասելու համար»:










