Գյումրիում իրականացված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալված անձինք

Գյումրիում իրականացված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալված անձինք: Այս մասին 1Lurer.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից` նշելով, որ ձերբակալվածներ կան ինչպես «Մայր Հայաստան» դաշինքից, այնպես էլ Մարտուն Գրիգորյանի դաշինքից:
Ըստ մեր տեղեկությունների՝ խուզարկությունների արդյունքում ձերբակալվել են նաև «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին:
Խուզարկություններն ու ձերբակալությունները տեղի են ունեցել կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում՝ հավելել են կոմիտեից:
Անդրադառնալով ավագանու անդամին Հակակոռուպցիոն կոմիտե բիրտ ուժով բերելու լուրին՝ կոմիտեից նշեցին, որ այն չի համապատասխանում իրականությանը՝ ընդգծելով, որ ՄԻՊ արագ արձագանքման խմբին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ բարձրացված բոլոր հարցերի առնչությամբ:
Ըստ հաղորդագրության՝ խուզարկություն են իրականացրել «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու գրասենյակում:
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ Գյումրիում արձանագրվել են ընտրակաշառք առաջարկելու դեպքեր, վարույթներ են նախաձեռնվել ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ:









