ՔՔրիստինա Մկրտչյան

Հայաստանը պատրաստ է սահմանի բացմանը և սպասում է Թուրքիայի քայլին. Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցը՝ թուրքական հեռուստաալիքին

Հայաստանը պատրաստ է սահմանի բացմանը և սպասում է Թուրքիայի քայլին. Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցը՝ թուրքական հեռուստաալիքին

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի մոտեցումը կարգավորման գործընթացի մեկնարկից մինչ այս պահը չի փոխվել. Հայաստանն ամբողջովին պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ 

«Ակնկալում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում, որը ներառում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում և Հայաստանի ցամաքային սահմանի ապաբլոկավորում։ Հայաստանը պատրաստ է սրան առանց որևէ նախապայմանի։ Հայաստանը պատրաստ է ամբողջական կարգավորման, և եթե Թուրքիան էլ նման քաղաքական կամք ունենա, այս ամենը շատ արագ կիրականանա։ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը և սպասում է Թուրքիայի քայլին»,- ասել է Ռուբինյանը։ 

Նա  նաև նշել է, որ չկա որևէ պատճառ, որ Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունենան, և երկրների սահմանները բաց չլինեն։ 

Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ մինչև այսօր երկու երկրների միջև ամենակարևոր պայմանավորվածությունը եղել է սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելը, որը ձեռք է բերվել 2022 թվականին։ «Մեր կողմում Մարգարա անցակետը վերանորոգվել է և պատրաստ է։ Ակնկալում ենք, որ մեր թուրք գործընկերները կատարեն պայմանավորվածությունը»,- ասել է Ռուբինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանն ու Թուրքիան նաև պայմանավորվել են վերակառուցել հայ-թուրքական սահմանին գտնվող պատմական կամուրջը։  

Թուրքական հեռուստաալիքը Ռուբեն Ռուբինյանի հետ հարցազրույցն անցկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված մեդիատուրի շրջանակներում։ Մեդիատուրի շրջանակներում թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչները հարցազրույց են անցկացրել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հանդիպումներ ունեցել այլ պաշտոնյաների, ինչպես նաև փորձագետների հետ։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում