ՄՄարիա Գաբրիելյան

Հայաստանը նպատակ ունի ընդլայնել տեղական ագրոպարենային ապրանքների արտահանումը. Պապոյանը՝ Բելգիայի դեսպանին

Հայաստանը նպատակ ունի ընդլայնել տեղական ագրոպարենային ապրանքների արտահանումը. Պապոյանը՝ Բելգիայի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը և առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող մի շարք հարցեր։

 

«Մենք համագործակցությունն ընդլայնելու բազմաթիվ հնարավորություններ ունենք, մասնավորապես` տեխնոլոգիաների, կայունության և նորարարության ուղղություններով: Առկա է նաև համատեղ նախաձեռնությունների ներուժ՝ հաշվի առնելով Հայաստանի ազատ տնտեսական գոտիների հնարավորությունները», - նշել է Գևորգ Պապոյանը։

 

Նախարարի խոսքով՝ Հայաստանը նպատակ ունի ընդլայնել տեղական ագրոպարենային ապրանքների արտահանումը, ինչպիսիք են գինին, մեղրը, կոնյակը, գարեջուրը, շոկոլադը և հանքային ջուրը: Այդ նպատակով նախարարը բելգիական կողմին առաջարկել է տեղեկություն տրամադրել Բելգիայի ագրոպարենային ոլորտում սպասվող իրադարձությունների՝ ցուցահանդեսների, համաժողովների, տոնավաճառների, առևտրային առաքելությունների և կոնֆերանսների մասին:

 

Անդրադարձ է կատարվել նաև տնտեսության դիվերսիֆիկացմանը վերաբերող մի շարք հարցերի։

 

Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կնպաստի Հայաստանի և հարևան երկրների համար տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծմանը։

 

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Բելգիայի Թագավորության հետ, 2024 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 175․0 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11․7%-ով։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում