ՀՀայկ Նավասարդյան

Որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի 5 տարվա աշխատանքային փորձի շեմն առաջարկվում է դարձնել 2 տարի

Որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի 5 տարվա աշխատանքային փորձի շեմն առաջարկվում է դարձնել 2 տարի

Նախատեսվում է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի՝ նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել գործող գնահատողների առավել լայն շրջանակ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Սեպտեմբերի 4-ի ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Հաջորդ առաջարկվող փոփոխությամբ նվազեցվել է ինքնակարգավորվող կազմակերպությունների լիազոր մարմնում հաշվառվելու համար անդամակցության տոկոսաչափը: Գործող օրենքով սահմանված է, որ ինքնակարգավորվող կազմակերպության կազմում 30 տոկոս մասնագետները  պետք է որակավորված լինեն, որպեսզի կազմակերպությունը կարողանա գրանցվել Կադաստրի կոմիտեում: Օրենքի ընդունումից հետո հաշվառվել է մեկը: Ըստ Սուրեն Թովմասյանի՝ որոշակի մրցակցություն և որակ ապահովելու համար 30 տոկոսի շեմն առաջարկվում է իջեցնել 10 տոկոս՝ հնարավորություն ընձեռելով մինչև հինգ կազմակերպության հաշվառվել Կադաստրի կոմիտեում:

Կոմիտեում նոր ինքնակարգավորվող կազմակերպությունների հաշվառման համար սահմանվում է նոր ընթացակարգ՝ նպատակ ունենալով առավելագույնս արդյունավետ դարձնել վերջիններիս կողմից ծավալվող գործունեությունը: Նրանց գործունեությունը հիմնված կլինի հնգամյա ծրագրի վրա, որը պետք է հավանության արժանացած լինի լիազոր մարմնի կողմից և կառուցված լինի ՀՀ Կառավարության կողմից հաստատված գործունեության միջոցառումների ծրագրի, լիազոր և այլ պետական մարմինների կողմից սահմանած և ոլորտին վերաբերելի ռազմավարությունների, ինչպես նաև ոլորտում առկա ժամանակակից ուղղությունների վրա: Յուրաքանչյուր տարի կազմակերպությունները կներկայացնեն ծրագրերի կատարողականի վերաբերյալ հատուկ հաշվետվություն:

Նախագծով գնահատողների համար կսահմանվի պարտականություն նախատեսված որակավորման և մասնագիտական հանձնաժողովների անդամ հանդիսանալու դեպքում ապահովելու ներկայություն հանձնաժողովների նիստերին:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, նշելով, որ ժամանակին արմատապես փոխվել է գնահատման  գործունեության հետ կապված օրենսդրությունը, հետաքրքրվել է, թե ինչ դրական տեղաշարժ կա համակարգում և ներկայիս առաջարկվող փոփոխություններով ինչ կարելի է ակնկալել: Սուրեն Թովմասյանի դիտարկմամբ՝ առաջարկվող փոփոխությունները՝ մասնագիտական տարբեր հանրությունների առկայությունը, հանձնաժողովի ռոտացիոն համակարգը, թվային, էլեկտրոնային համակարգի ներդրումը միտված են համակարգի կատարելագործմանը:

Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչությունը նախագծի վերաբերյալ մասնագիտական փորձաքննության եզրակացություն է ներկայացրել, որը բովանդակային առումով ընդունելի է եղել:

Նախագիծն արժանացել է դրական եզրակացության:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում