Արևմուտքի նպատակը Հարավային Կովկասում ստեղծված կապերը ոչնչացնելն է. ՌԴ ԱԳՆ

ԴԴիանա Գասպարյան

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նաստասինը ամենշաբաթյա ճեպազրույցում արձագանքել է լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում Ադրբեջանի բանակի հզորացմանը՝ հաշվի առնելով, որ միաժամանակ ռուսական և ադրբեջանական կողմերը քննադատում են Հայաստանին պաշտպանական ոլորտում տարբեր երկրների հետ գործակցության համար:

Պաշտոնյան հերթական անգամ հայտարարել է, թե Արևմուտքի նպատակը Հարավային Կովկասում ստեղծված կապերը ոչնչացնելը և հակառուսական գործողություններ իրականացնելն է: «Նրանք փորձում են խառնվել տարածաշրջանի գործընկերների հետ մեր հարաբերություններին, ընդ որում՝ հատուկ ուշադրություն է հատկացվում անվտանգության հարցին»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

«Ռուսաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր վիճելի հարցերի քաղաքական-դիվանագիտական կարգավորման օգտին։ Էսկալացիայից խուսափելու համար կոչ ենք անում Բաքվին և Երևանին խուսափել ռազմատենչ հռետորաբանությունից և կենտրոնանալ Հարավային Կովկասում բարգավաճմանը նպաստող փոխընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ»,- ասել է Նաստասինը:

Նաստասինը հերթական անգամ պնդել է, թե այդ համատեքստում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն:

Անդրադառնալով փախստականների և Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման հարցին՝ Նաստասինը կրկնել է՝ Մոսկվան հետևողականորեն հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հաստատման օգտին: «Հենց դրան է ուղղված եռակողմ պայմանավորվածությունների համալիրը: Այն նախատեսում է նաև սոցիալական և հումանիտար հարցերի փուլային լուծում»,- ընդգծել է ռուս պաշտոնյան:

Հարց է հնչել նաև Թուրքիայի նախագահի վերջին հայտարարության մասին, որ «Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ և Լիբիա»: Նաստասինը խորհուրդ է տվել այդ հարցն ուղղել Անկարային, միաժամանակ նշել, թե հենց Ռուսաստանի ջանքերով է հնարավոր եղել դադարեցնել 44-օրյա պատերազմը, իսկ 2023 թվականին կանխել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումը:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում