Ջո Բայդենը քննադատել է Դոնալդ Թրամփի՝ ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ մեկնաբանությունները, դրանք անվանելով «ամոթալի» և «վտանգավոր»:
Թրամփը, իր «Առաջին հերթին՝ Ամերիկան» կարգախոսով, միշտ բանավոր խոսքում հակված է եղել մեկուսացման և, մասնավորապես, բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ը չպետք է օգնի ՆԱՏՕ-ի այն դաշնակիցներին, որ չեն ցանկանում կատարել դաշինքի ռազմական ծախսերի ֆինանսավորման իրենց բաժինը՝ ՀՆԱ-ի 2 տոկոսը, գրում է BBC-ին։
Նախագահը հավելել է, որ Թրամփի վերջին հայտարարությունները հրատապություն և կարևորություն են հաղորդում դաշնակիցներին Միացյալ Նահանգների աջակցությանը։
«Մեր պատմության մեջ ոչ մի նախագահ երբեք չի խոնարհվել ռուս բռնապետերի առաջ: Թույլ տվեք հստակ ասել՝ ես երբեք չեմ խոնարհվի։ Աստվա՛ծ իմ, սա ամոթ է, սա վտանգավոր է։ Սա ամերիկյան չէ»,- այսպես է գնահատել Բայդենը նախկին նախագահի հայտարարությունները։
«Քանի դեռ ես նախագահ եմ, եթե Պուտինը հարձակվի ՆԱՏՕ-ի դաշնակցի վրա, Միացյալ Նահանգները կպաշտպանի դաշինքի տարածքի յուրաքանչյուր թիզը», - վստահեցրել է Բայդենը:
Խոսելով Ուկրաինային և մյուս դաշնակիցներին օգնելու օրինագծի մասին, ԱՄՆ նախագահը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի հանրապետականներին աջակցել Սենատում հաստատված փաթեթին: Նա հարց է ուղղել պալատի հանրապետականներին. «Դուք պատրաստվում եք աջակցել Ուկրաինայի՞ն, թե՝ Պուտինին։ Դուք կողմ եք Ամերիկայի՞ն, թե՝ Թրամփին»:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը՝ Հանրապետական կուսակցությունից, մերժում է օգնության փաթեթը, պատճառաբանելով, որ այն արգելափակում է սահմանների վերահսկման դրույթները:










