ԼԼիլիթ Ասատրյան

ՄԹ Համայնքների պալատի Հայաստանի հետ բարեկամական խումբը դատապարտել է Ադրբեջանի ԶՈՒ գործողությունները ԼՂ-ի դեմ

ՄԹ Համայնքների պալատի Հայաստանի հետ բարեկամական խումբը դատապարտել է Ադրբեջանի ԶՈՒ գործողությունները ԼՂ-ի դեմ

Միացյալ Թագավորության Համայնքների պալատի Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտում են ադրբեջանական ուժերի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ:

«Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք ադրբեջանական ուժերի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ: Ադրբեջանական զորքերի շարժը դեպի արցախյան հողեր և հարձակողական ռազմական գործողությունները հատկապես Փառուխի և Խրամորթի շրջաններ չարդարացված են և ռազմատենչ: Տեղի խաղաղ բնակչությանն ուղղված տեղահանման կոչերը, անօդաչու թռչող սարքերի կիրառումը և Լեռնային Ղարաբաղ գազամատակարարման խափանումը թշնամական գործողություններ են խաղաղ բնակչության դեմ և վտանգում են նրանց կյանքը։

Ադրբեջանական ուժերը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի հրադադարի մասին հայտարարության, պետք է հետ քաշվեն իրենց սկզբնական դիրքերը՝ թույլ տալով վերականգնել գազմատակարարումը և մուտքը դեպի գազատարը:

Սա հրադադարի հերթական կոպտագույն խախտում է, և, ակնհայտորեն, Ադրբեջանի կառավարությունը, փորձելով օգտվել Ուկրաինայի հակամարտությունից առաջացած անկայուն իրավիճակից, փորձում է վերադառնալ իր տարածքային անհիմն պահանջները՝ անկախ նախկին հանձնառություններից։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հետամուտ լինել այս խնդրի խաղաղ կարգավորմանը դիվանագիտության ճանապարհով, այլ ոչ թե ռազմական հարձակման միջոցով: Մինչ այդ, մենք Միացյալ Թագավորության կառավարությանը կոչ ենք անում միանալ արևմտյան այլ ժողովրդավարություններին՝ դատապարտելու ադրբեջանական ռեժիմի ռազմատենչ գործողությունները և օգտագործելով դիվանագիտական ​​բոլոր ճնշումները՝ նախագահ Ալիևին ստիպել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ գործընթացի միջոցով»,- ասված է հայտարարության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում