ԳԳոհար Սարգսյան

ԱԺ մշտական հանձնաժողովը կողմ է քվեարկել ԵՏՄ համաձայնագրին

ԱԺ մշտական հանձնաժողովը կողմ է քվեարկել ԵՏՄ համաձայնագրին

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Արմեն Գևորգյանի նախագահությամբ դեկտեմբերի 6-ի նիստում քննարկել է ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի և տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Այն ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականին: Փաստաթղթով սահմանվում է միության շրջանակում արտադրանքի միասնական ցանկում չընդգրկված արտադրատեսակների շրջանառության կարգը, որի նկատմամբ սահմանվում են պարտադիր պահանջներ: Սահմանվում է նաև միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի շրջանառության կարգը, որի վերաբերյալ չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել միության տեխնիկական կանոնակարգերը:

Նշվել է, որ միասնական ցանկում ընդգրկված է 67 ապրանքախումբ:

Համաձայնագրով չեն կարգավորվում պաշտպանական նպատակների համար կիրառվող արտադրանքի, պաշտպանության և անվտանգության շահերի ապահովման համար կիրառվող արտադրանքի, օգտագործված արտադրանքի. դեղերի, բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորումները:

Նախարարի առաջարկով համաձայնագրի բովանդակային մասը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը: Նա տեղեկացրել է, որ համաձայնագիրը չի տարածվում սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման հետ կապված իրավահարաբերությունների վրա:

Համաձայնագրում նշված արտադրանքի անվտանգությունն ապահովվում է իրավաբանական անձանց կամ ֆիզիկական անձանց կողմից, որոնք գրանցված են որպես անհատ ձեռնարկատերեր, նրանց լիազոր ներկայացուցիչների, այդ թվում՝ արտադրողների, արտադրողի կողմից լիազորված անձանց, ներմուծողների և վաճառողների կողմից, որոնք իրականացնում են արտադրանքի արտադրությունը և իրացումը դրա կյանքի ցիկլի բոլոր փուլերում՝ (արտադրություն, շինարարություն, մոնտաժում, կարգաբերում, շահագործում, պահպանում)՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Նշվել է նաև, որ համաձայնագրով սահմանվում է ապրանքների հետկանչման մեխանիզմը:

Միության շրջանակներում վտանգավոր արտադրանքի շրջանառության և շրջանառության համար պատասխանատվությունը կարգավորվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Անդամ պետությունների միջև համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով սահմանված կարգով: Համաձայնագրի ստորագրումը ԵԱՏՄ անդամ պետություններից լրացուցիչ ֆինանսական ծախսեր չի ենթադրում:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում