Լիբիան և Թուրքիան խախտել են «հակամարտություններում երեխաների օգտագործումը և հավաքագրումը կանխելու» իրենց պարտավորությունները, որոնք ամրագրված են Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայով, գրում է Ermenihaber-ը։
Այս մասին նշվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի՝ Լիբիայում փաստահավաք առաքելության զեկույցում, որում քննվել են 2016-ից ի վեր տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները։
Զեկույցի համաձայն՝ Լիբիայի քաղաքացիական պատերազմում անչափահասներին ներգրավելու հարցում դերակատարում ունի Թուրքիան: «Ըստ 2019թ․ վերջին ձեռք բերված փաստերի՝ Թուրքիան միջնորդ է եղել, որ 15-18 տարեկան սիրիացի երեխաները հավաքագրվեն և Ազգային համաձայնության կառավարության համար գումարի դիմաց պատերազմեն Լիբիայի ազգային բանակի դեմ»,-շեշտվել է զեկույցում։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հերքել են մեղադրական պնդումները՝ դրանք բնորոշելով անհիմն։
ՄԱԿ-ից բացի, այս տարվա հուլիսին Թուրքիային անչափահաս զինվորներին օգտագործող երկրների ցանկում է ներառել նաև ԱՄՆ պետկան դեպարտամենտը։










