ՄՄարի Կոստանյան

ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն Ադրբեջանին կոչ է անում առանց ձգձգելու ազատ արձակել հայ գերիներին

ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն Ադրբեջանին կոչ է անում առանց ձգձգելու ազատ արձակել հայ գերիներին

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններն ու 2020-ի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից ի վեր տեղի ունեցող զարգացումները մեծ կարևորություն են ներկայացնում Եվրախորհրդի համար, և Մոնիտորինգի կոմիտեի ուշադրության կենտրոնում են: Համապատասխան այլ հանձնաժողովների հետ համագործակցելով՝ Մոնիտորինգի կոմիտեն լսել է երկու երկրների ներկայացուցիչներին և անկախ փորձագետներին, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի հարցով  համազեկուցողները պարբերաբար համատեղ հայտարարություններ են արել տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:  

Կոմիտեն համոզված է, որ երկու երկրների խորհրդարանները կարող են և պետք է կարևոր դերակատարում ունենան խիստ անհրաժեշտ վստահության հաստատման, հաշտեցման և կողմերի միջև հստակ խաղաղության բանակցությունների վերսկսման գործընթացում:

Կոմիտեն ողջունում է եռակողմ հայտարարության կատարման գործընթացում առաջխաղացումը, սակայն մտահոգություն է հայտնում այն տեղեկությունների վերաբերյալ, որ ոչ բոլոր պահվող անձինք են վերադարձվել: Ըստ կոմիտեի՝ երկու կողմերը պետք է ամրապնդեն իրենց համագործակցությունը և հաղորդակցությունը՝ քաղաքացիների անվտանգություն ապահովելու համար խնդրահարույց տարածքներն ականազերծելու նպատակով:

Մոնիտորինգի կոմիտեն ևս մեկ անգամ նշել է, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետի հստակ նպատակը, առանց խտրականության, բոլոր պահվող անձանց փոխանակումն է: Ընդգծելով ՄԻԵԴ-ի՝ Ադրբեջանի կողմից 188 հայերի գերեվարման վերաբերյալ մտահոգությունը, կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել առանց ձգձգումների ազատ արձակել բոլոր հայ գերիներին:

Մոնիտորինգի կոմիտեի համաձայն՝ միջազգային անկախ առաքելության ստեղծումը, որը պետք է պատասխանատվություն կրի վերջին ռազմական գործողությունների ժամանակ հակամարտության, մարդու իրավունքների և հումանիտար օրենքի խախտումների գործով հետաքննության համար, խիստ անհրաժեշտ է հաշտեցման և իրական խաղաղության հաստատման համար բարենպաստ միջավայրի ստեղծման համար: Մշակութային ժառանգությունը նույնպես կարևոր է հակամարտության կողմերի համար, հետևաբար դրանց պահպանմանն ու վերանորոգմանը միտված անհրաժեշտ մեխանիզմների շուտափույթ ստեղծումն առաջնահերթություն է:

Եվ, վերջապես, կոմիտեն բոլոր կողմերին կոչ է անում կառուցողականորեն համագործակցել համապատասխան միջազգային կառույցների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ եռակողմ հայտարարության դրույթները լիովին կատարելու և խաղաղությանը միտված բանակցությունները սկսելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում