ՄՄարի Կոստանյան

Իտալիայի մշակույթի գործիչները Ադրբեջանին կոչ են արել անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին

Իտալիայի մշակույթի գործիչները Ադրբեջանին կոչ են արել անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին

Իտալիայի մշակույթի մի խումբ հայտնի գործիչներ դիմել են Ադրբեջանի իշխանությանը՝ կոչ անելով ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ գերեվարված հայ զինվորականներին ու պահվող քաղաքացիական անձանց՝ փոխանցում է իտալական Avvenire պարբերականը:

Իտալացի հանրահայտ գործիչներ, ի թիվս որոնց՝ Անտոնիա Արսլանը, Դաչիա Մարաինին, Լաուրա Էֆրիկյանը, Կառլո Վերդոնեն և Ջովանի Դոնֆրանչեսկոն, ընդգծել են, որ «բոլոր գերիների անհապաղ ազատ արձակումը կնպաստի երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդմանն ու տարածաշրջանում կայունության հաստատմանը: Այն նաև երկարատև խաղաղության հույս կտա»:

Իտալացի գրող Արսլանը նշել է, որ Human Rights Watch-ի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանում պահվում են առնվազն 60 զինվորական և քաղաքացիական անձինք՝ դատապարտելով այն, որ գերեվարված տարեցները վատ վերաբերմունքի են արժանացել կամ  սպանվել են, քանի որ չեն ցանկացել հեռանալ Արցախի իրենց գյուղերից:

Իտալացի գործիչներն Ադրբեջանի իշխանություններից պահանջել են բոլոր ռազմագերիներին և պահվող քաղաքացիական անձանց անհապաղ և առանց նախապայմանների վերադարձնել իրենց ընտանիքներին՝ համաձայն Ժնևյան կոնվենցիայի և եռակողմ հայտարարության:

Պարբերականը նշել է, որ սոցիալական հարթակներում հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը ցուցադրող տեսագրությունների տեղադրումը խիստ մտահոգիչ է: Ընդգծվում է, որ ռազմագերիների և պահվող այլ անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը միջազգային իրավունքի սկզբունքների կոպտագույն խախտում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում