ՄՄարիամ Մխիթարյան

Եղանակային կտրուկ տարբերություն Եվրոպայում

Եղանակային կտրուկ տարբերություն Եվրոպայում

Եվրոպայում եղանակային կտրուկ տարբերություններ են՝ սկսած Ֆրանսիայում ջրհեղեղներից մինչև Գերմանիայում առատ ձյունը, որոնք միմյանց չզիջող խոչընդոտներ են առաջացնում ու վնասներ պատճառում՝ ներկայացնում է Associated Press-ը:

Ֆրանսիայում ջրհեղեղներն ավերել են երկրի հարավարևմտյան հատվածի խաղողի այգիները, իսկ Սենա գետը Փարիզում հինգերորդ օրն անընդմեջ բարձրանալով՝ ողողում է ափերը:

Այդ նույն ժամանակ Գերմանիայի հյուսիսային և արևմտյան շրջաններում ու Նիդերլանդներում մոլեգնում են ձնաբուքն ու ուժեղ քամին, ինչի հետևանքով երկու երկրում տրանսպորտի հետ կապված խնդիրներ են առաջացել, դադարեցվել է երկաթուղային կապը, հետաձգվել են թռիչքները:

Հարյուրավոր վթարային իրավիճակներ են ստեղծվել մայրուղիներում: Գերմանիայի ոստիկանությունը հայտնել է, որ ավելի քան երկու տասնյակ մարդ է վիրավորվել ճանապարհային վթարներից մերկասառույցի պատճառով: Նիդերլանդների իշխանությունն էլ երկրում հայտարարել է վտանգի «կարմիր» մակարդակ՝ կապված վերջին 10 տարում տեղի ունեցած ամենաուժեղ ձնամրրիկի հետ:

Բրիտանիայում էլ առատ ձյուն է կանխատեսվում առաջիկա օրերին, ինչը սպառնում է  վնաս պատճառել Անգլիայի հարավ-արևելքում, քանի որ շատ սառը քամիներն արդեն տարածվում են երկրի զգալի մասում:

Իսկ Հայաստանում, հակառակը՝ փետրվարի 8-ից սպասվում են Սահարայի անապատի հյուսիսային շրջաններից եկող տաք օդային հոսանքներ: Այդ մասին տեղեկացնում է armeniasputnik.am-ը՝ վկայակոչելով Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալները:

Առաջիկա օրերին Սյունիքի և Տավուշի մարզերի հարթավայրերում կանխատեսվում է ռեկորդային բարձր՝ +20 ․․․ + 23 ջերմաստիճան:

Արարատի մարզում և Երևանում այս օրերին օդի ջերմաստիճանը կհասնի + 12 ․․․ + 14-ի, ինչը նույնպես չափազանց բարձր ցուցանիշ է փետրվարի համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում