Ադրբեջանը ձգձգում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքն Արցախ՝ գնահատելու մշակութային ու կրոնական օբյեկտներին հասցված վնասի չափը՝ տեղեկացնում է Asbarez-ը:
ՄԱԿ-ի կազմակերպությունից հայտնել են, որ Ադրբեջանի իշխանություններին այս հարցով մոտեցումներն անհաջողության են մատնվել:
Կազմակերպությունն առաջարկել է փորձագիտական անկախ առաքելություն իրականացնել`արժեքավոր մշակութային սեփականության նախնական գույքագրման համար՝ որպես տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պահպանման առաջին քայլ:
Առաջարկը ստացել է Մինսկի խմբի համանախագահների լիակատար աջակցությունը և հայկական ու ադրբեջանական կողմերի սկզբունքային համաձայնությունը:
Այս կապակցությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն երկու կողմերին խնդրել է հնարավոր դարձնել առաքելության իրականացումը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի հարցերով տնօրենի օգնականի խոսքով՝ առաքելություն ուղարկելու համար կազմակերպությունը սպասում է միայն Ադրբեջանի պատասխանին:
Միջազգային կազմակերպությունից տեղեկացրել են, որ առաքելության ուշացման հետ ցուրտ եղանակի պատճառով ավելի է դժվարանում մշակութային սեփականության գնահատման գործընթացը:










