ՄՄերի Եգորյան

«Բանակից՝ ՏՏ» ծրագիրը վերսկսվել է. պատերազմի մասնակիցներն ինտեգրվում են IT համայնքին

«Բանակից՝ ՏՏ» ծրագիրը վերսկսվել է. պատերազմի մասնակիցներն ինտեգրվում են IT համայնքին

Պատերազմին մասնակցած երիտասարդները հմտություններ ձեռք կբերեն տեխնոլոգիական ոլորտում: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը վերսկսում է «Բանակից՝ ՏՏ» ծրագիրը: Միայն թե այս անգամ ընդլայնել են շահառուների շրջանակը:

Րաֆֆի Քասսարջյան (Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն) - Ոչ միայն զորացրվածների, վիրավորների, այլև նրանց ընտանիքների համար է:

Ծրագրում ներառել են նաև պատերազմում՝ մարտական գործողությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին: Նրանց կսովորեցնեն եռաչափ մոդելավորում ու տպագրություն, վեբ տեխնոլոգիաներ, ծրագրավորման լեզուներ: Կկրթեն այնպիսի մասնագետներ, որոնց կարիքը ոլորտում կա:

Րաֆֆի Քասսարջյան - Ծրագրավորումից բացի, կան հաճախորդների սպասարկում, մարքեթինգ, վաճառք, նաև կիբեռանվտանգության դասընթացներ:

Առաջին անգամ ծրագիրը մեկնարկել էին դեռ 2016-ին՝ ապրիլյան պատերազմից հետո: Արդյունքներից գոհ են: Պատերազմի միջով անցած 168 երիտասարդի են IT համայնք ինտեգրել: Մի մասն աշխատանքի է անցել տարբեր ընկերություններում, ոմանք էլ՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում:

Հովհաննես Մկրտչյան («Ինոսոֆթ» ընկերության համահիմնադիր) - Պետք է նոր կյանք սկսել ու բոլոր ջանքերը ներդնել այդ գործի մեջ:

Ապրիլյան պատերազմը Հովհաննեսի կյանքը փոխել էր, վիրավորումից հետո ապագան մշուշոտ դարձրել: Նոր կյանքի ձգտումով «Բանակից՝ ՏՏ» ծրագրին է մասնակցել, ստացած գիտելիքներով էլ ոլորտում հաջողություններ ունեցել: IT ընկերություններից մեկում աշխատանքի է տեղավորվել, նաև սկսել է վեբ ծրագրավորում դասավանդել: Մի քանի տարի է՝ նաև իր սեփական ընկերությունն է հիմնել: Իր թիմով ստարտափներ է ստեղծել:

Հովհաննես Մկրտչյան - Օգտագործելով քաղաքի կամերաները՝ ֆիքսում էինք՝ մեքենաների կայանման ազատ տեղ կա՞, տվյալները թարմացվում էին, մի խոսքով՝ լայնածավալ պրոյեկտ է:

Նաև վեբ կայքեր ու բջջային հավելվածներ է ստեղծել մի շարք ընկերությունների համար: Ասում է՝ ստացած գիտելիքն ու փորձը կներդնի նաև ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման գործում: Դրան զուգահեռ հիմա նոր հավելված են մշակում: Սրճարաններում, ռեստորաններում ու քաղաքի մարդաշատ հատվածներում մտադիր են սմարթֆոնների լիցքավորման կետեր տեղակայել:

Հովհաննես Մկրտչյան - Ստանցիաները փաուրբենքի, մարտկոցները հասցեով կարող եք տեսնել, սկան անել: Ամեն րոպեի համար չարջ ենք անում օգտագործման գումար:

«Բանակից՝ ՏՏ» կրթական ծրագիրը իրականացվում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ: Այս անգամ պատերազմը երկար տևեց, շահառուների թիվն էլ մեծ կլինի: Պատրաստ են բոլոր դիմորդների անվճար կրթությունն ապահովել՝ ասում է փոխնախարարը:

Վիկտորյա Պողոսյան (բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ) - Կկարողանանք նախատեսվածից ավելի մասնակիցներին կրթություն ստանալու և աշխատաշուկայում տեղավորելու հնարավորություն տալ:

Հաշվի առնելով վիրուսային իրավիճակը, վիրավոր ու հիվանդանոցներում բուժում ստացող զինծառայողների թիվը՝ դասերն առայժմ հեռավար կկազմակերպեն: Այստեղ տեղեկացնում են՝ գրանցման փուլն արդեն մեկնարկել են: Ծրագրում ներառվելու համար պետք է շտապել:

Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում