ՄՄերի Եգորյան

Ոչ մի քաղաքական հայտարարություն չպետք է խափանի ներդրված ջանքերը. Մարիա Զախարովան՝ Էրդողանի և Ալիևի հայատյաց հայտարարությունների մասին

Ոչ մի քաղաքական հայտարարություն չպետք է խափանի ներդրված ջանքերը. Մարիա Զախարովան՝ Էրդողանի և Ալիևի հայատյաց հայտարարությունների մասին

Մոսկվան երկաթուղային հաղորդակցության վերականգնումն է առավել հեռանկարային ուղղություն համարում տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում՝ նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններից․ պատասխանելով «Լուրեր»-ի հարցին՝ ասաց ՌԴ արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ)- Ռուս մասնագետների աջակցությամբ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքի սահմանամերձ հատվածների, ինչպես նաև Հայաստանի երկաթուղային գծերի հարակից սահմանների նախնական հետազոտություն է անցկացվել:

Ըստ եռակողմ հայտարարության՝ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինները: Զախարովան հավելում է՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ կողմերի համաձայնությամբ կապահովվի նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը, որոնք Նախիջևանը կկապեն Ադրբեջանի տարածքի հետ:

Մարիա Զախարովա- Տնտեսական ապաշրջափակումը, նոր հաղորդակցությունների կառուցումը երկարատև գործընթաց է: Անհրաժեշտ է ներգրավել բազմաթիվ պրոֆիլային կառույցներ, և այստեղ գլխավոր հարցերը կորոշեն Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, որոնք, որքան մեզ է հայտնի, ստեղծել են հետկոնֆլիկտային փուլի ընթացքում առաջացող խնդիրներին արձագանքման հատուկ մեխանիզմներ:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը «Լուրեր»-ի խնդրանքով անդրադարձավ նաև այսօր Բաքվում հնչած հակահայկական, քսենոֆոբ հայտարարություններին: Ալիևը Բաքվում հայտարարել էր, թե, իբր, Երևանը, Զանգեզուրը և Սևանն Ադրբեջանի պատմական հողերն են, իսկ թուրք առաջնորդը կարոտով էր հիշել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշային:

Մարիա Զախարովա- Իրավիճակը տարածաշրջանում շատ բարդ է։ Շատ ջանքեր են գործադրվել այն խաղաղ հուն վերադարձնելու, մարտական գործողությունները դադարեցնելու, կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու և փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, բոլոր ոլորտներում կյանքի կարգավորման համար պայմանների ու նախադրյալների ստեղծման դժվարին գործընթացները գործարկելու ուղղությամբ: Սա չափազանց քրտնաջան աշխատանք է, և մենք ելնում ենք նրանից, որ քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այդ գործընթացներին։ Շատ ջանքեր են ներդրվել, և եկեք հիշենք, որ շատ կյանքեր են տրվել, և ոչ մի քաղաքական հայտարարություն չպետք է խափանի այդ ջանքերը։

Երկու երկրների միջև երկխոսության վերականգման համար քաղաքական կամք է անհրաժեշտ՝ եզրափակեց Մարիա Զախարովան:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում