ՇՇողիկ Գալստյան

Ֆրանսիայի 15 քաղաքապետեր միջազգային հանրությանը կոչ են արել ճանաչել Արցախի անկախությունը

Ֆրանսիայի 15 քաղաքապետեր միջազգային հանրությանը կոչ են արել ճանաչել Արցախի անկախությունը

Ֆրանսիայի 15 քաղաքապետեր ճանաչել են Արցախի Հանրապետությունը և Ֆրանսիայի Կառավարությանն ու միջազգային հանրությանը նույնպես ճանաչելու կոչ են արել։

 

Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

 

«2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը կրկին բորբոքեց 1994թ․-ից ի վեր անկայուն հրադադարով սառեցված ղարաբաղյան հակամարտությունը՝ լայնամասշտաբ և աննախադեպ ուժգնությամբ հարձակում սկսելով ինքնորոշված հանրապետության դեմ:
 
Ադրբեջանական բանակը, որի կազմում ներգրավված էին Սիրիայում ջիհադիստական խմբերում ծառայած վարձկաններ, մարդասիրական ճգնաժամ առաջացրեց Արցախում, որն ուղեկցվեց զինված հակամարտության միջազգային կոնվենցիաների լուրջ խախտումներով: Ռմբակոծվել են ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտը, այնպես էլ սահմանամերձ համայնքները: Այդ ռմբակոծությունների զոհ են դարձել բազմաթիվ խաղաղ բնակիչներ և արտաքսման ենթարկվել հազարավոր արցախցիներ:
 
Նոյեմբերի 10-ի կեսգիշերին՝ 44-օրյա արյունալի մարտերից հետո, Ռուսաստանի իշխանությունների հովանու ներքո ստորագրված հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ մտավ՝ ֆիքսելով հակամարտության կողմերի դիրքերը: Չնայած, որ այդ համաձայնագրի վերջնական դրույթներն ամենևին էլ գոհացուցիչ չեն, դրանք օգնում են առնվազն փրկել կյանքեր երկու կողմերից:

 

Տարածքային կորուստները, այնուամենայնիվ, կարող են հանգեցնել ծայրահեղ վատ իրավիճակի՝ Արցախի բազմահազարամյա ժառանգության, 4-րդ, 8-րդ կամ 10-րդ դարի նրա հարյուրավոր վանքերի և եկեղեցիների պահպանման հարցում... Այդ առումով, Արցախի երկրորդ քաղաք Շուշիի անկումը հղի է Արցախի ժողովրդին սեփական պատմական հիշողությունից զրկելու վտանգով՝ նկատի առնելով բոլոր աննախադեպ ավերումները, որ իրականացվել են քաղաքում, այդ թվում` վերջերս վերանորոգված Ղազանչեցոց եկեղեցու նկատմամբ:

 

Այսուհետ, մեր պարտքն է այլևս չթաքնվել զգուշավոր չեզոքության հետևում, ինչը նշանակում է հավանություն տալ ադրբեջանական ագրեսիային։ Մենք պետք է վերահաստատենք մեր ողջ զորակցությունը բարեկամ ժողովրդին՝ սատարելով հայ բնակչության վերադարձին իրենց պապենական հողեր:

 

1991թ․ սեպտեմբերի 2-ին իր անկախության հռչակումից ի վեր, որը ամրագրվել է 1991թ․ դեկտեմբերի 10-ին լայնորեն կողմ քվեարկած ինքնորոշման հանրաքվեով, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը սեփական ժողովրդի համար մշտապես երաշխավորել է ինստիտուցիոնալ կայունություն՝ երբևէ չվիճարկված ժողովրդավարական հիմքերով, տարածքային ամբողջականություն և պաշտպանություն, ինչպես նաև տնտեսական և մշակութային բարգավաճում:

 

Ամբողջացնելով միջազգային հանրային իրավունքով ընդունված պետության բոլոր բաղադրիչները՝ տարածք, բնակչություն, ինքնիշխանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախը) այսուհետ պետք է համարվի, որպես այդպիսին, իրավունքի սուբյեկտ՝ օժտված ինքնիշխանությամբ, որն օրինականորեն մարմնավորում է Արցախի ժողովրդին: Արցախի պետության տարածքում համախմբված ժողովուրդը արմատապես կապված է իր նախնիների հողին, ընդհանուր լեզվով, միասնական պատմությամբ, ժառանգած մշակույթով և դավանած կրոնով: Հաշվի առնելով այս որոշիչ տարրերը` Արցախի անկախությունը մեզ ավելի քան երբևէ թվում է իրավական առումով ուժեղ, օրինական և արդար:

 

Ֆրանսիան, որը հավասարակշռված քաղաքականություն վարող գերտերություն է, հազարամյա բարեկամական կապեր ունի Հայաստանի հետ և ավելի քան 100 տարուց ի վեր պատմական և համընդհանուր պատասխանատվություն է կրում այն ցեղասպանության նկատմամբ, որի զոհ դարձավ հայ ժողովուրդը 1915 թ․: Այս բարեկամությունն իր արտահայտումն է գտնում այն հարաբերություններում, որոնք երկար տարիներ ի վեր գոյություն ունեն մեր քաղաքների ու շրջանների և Հայաստանի կամ Արցախի համայնքների միջև:

 

Հետևաբար, մենք՝ այս կոչը ստորագրած քաղաքապետերս և տեղական ընտրված ներկայացուցիչներս, ճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը՝ հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, որպես նրա բնակիչների անվտանգության երաշխավորման և դեռևս Արցախին սպառնացող էթնիկական զտումների կանխարգելման միակ արդյունավետ միջոց, այսօր կոչ ենք անում միջազգային հանրությանն այս ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ»:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում