ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը և փոխնախագահի թեկնածու սենատոր Քամալա Հարիսը նախընտրական քարոզարշավում հայտարարություն է տարածել, որտեղ ներկայացված է այն, թե Բայդենն ինչ է արել հայկական հարցերի առնչությամբ և թե Բայդեն-Հարիս վարչակազմն ինչ կանի ընտրվելու դեպքում: Այս մասին տեղեկացնում է Asbarez.com-ը:
Հայտարարությունն արվել է ղարաբաղյան հակամարտությանն անդրադառնալուց և հիմնահարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ Բայդենի ու Հարիսի կոչերից երկու օր անց: Քարոզարշավի հայտարարությունն արվել է «Ջո Բայդենի աջակցությունը՝ հայ ժողովրդին» խորագրով:
Հայտարարության մեջ ասվում է, որ Ջո Բայդենը կանգնած է Միացյալ Նահանգներում մեծ ներդրում կատարած ամերիկահայ համայնքի և բոլոր հայերի կողքին Հայոց ցեղասպանության զոհերին հիշելու և նրանց հիշատակը հարգելու գործում:










