ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, ի թիվս բազմաթիվ հարցերի, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Նա ևս մեկ անգամ հիշեցրել է նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում թեման մանրամասն լուսաբանելու մասին:
Զախարովան հայտնել է, որ անհրաժեշտ է զինվորականների մասով հանդիպում կազմակերպել՝ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկողության մեխանիզմի համաձայնեցման համար:
«Ինչ վերաբերում է քաղաքական կարգավորմանը, ապա մենք համոզված ենք, որ դա հնարավոր և անհրաժեշտ է: Այն առաջարկները, որոնք մշակել ու մշակում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մնում են բանակցային սեղանին: Դրանց բովանդակությունը հայտնի է՝ համապատասխան շրջանների աստիճանաբար ազատագրում՝ անվտանգության երաշխիքների ու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հուսալի հաղորդակցման պայմանով՝ մինչ դրա վերջնական կարգավիճակի որոշումը»,- հայտնել է Մարիա Զախարովան:










