ԱԱրման Գալոյան

Պետք են հստակ չափանիշներ՝ տեսչական ստուգումների արդյունքներով ոլորտներում իրավիճակը հասկանալու համար. վարչապետ

Պետք են հստակ չափանիշներ՝ տեսչական ստուգումների արդյունքներով ոլորտներում իրավիճակը հասկանալու համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել է Սննդամթերքի անվտանգության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների՝ 2019 թ. գործունության և 2020 թ. առաջին 8 ամսվա աշխատանքների հաշվետվությունը:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ այս տեսչական մարմիններում ևս ներդրվել է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ, կանոնակարգվել է օրենսդրական դաշտը: Զեկուցվել են նաև երկու տեսչական մարմինների ոլորտները կարգավորող նոր օրենսդրական փոփոխությունների ընթացքը, ինչպես նաև նախատեսվող կարգավորումների վերաբերյալ մանրամասներ:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ներկայացնելով կատարված աշխատանքները, նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում սննդի անվտանգության ոլորտում գործարկվել է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրերի ռեեստրների վարման նոր համակարգ, իրականացվել են վերահսկողության միջոցառումներ: Անասնաբուժության ոլորտում 2020 թ. հուլիսի 1-ից գործում է կենդանիների սպանդանոցային մորթի անցնելու պարտադիր պայմանը: Բոլոր մարզերում իրականացվել է բրուցելոզ հիվանդության վերաբերյալ հետազոտություն, որին մասնակցել են ֆերմերներ, կաթնամթերք ու մսամթերք արտադրող տնտեսվարողներ, սպանդանոցների աշխատակիցներ: Մեկնարկել է բուսական ծագման մթերքներում պեստիցիդների, նիտրատների,  ծանր մետաղների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մնացորդների մոնիթորինգային ծրագիրը: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսական կազմակերպության հետ ստորագրվել է «Սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկերի գնահատման և կառավարման կարողությունների հզորացում» փաստաթուղթը, որը նախատեսում է երեք ոլորտային ռիսկերի գնահատման համակարգերի ներդնում: Նախնական գործարկվել է սահմանային հսկողության «Մեկ պատուհան» համակարգը, զարգացել է միջազգային համագործակցությունը: Զեկուցվել է նաև ՏՄ կառուցվածքային բարեփոխումների և վարչապետի հանձնարարականների կատարողականի վերաբերյալ:

Ի պատասխան սննդամթերքի անվտանգության չափանիշների վերաբերյալ վարչապետի հարցադրման՝ նշվել է, որ այս բնագավառում ՍԱՏՄ-ն առաջնորդվում է միջազգային կանոնակարգերով: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է հացի և հացամթերքի տեղափոխման կանոնների պահպանման հետ կապված իրավիճակով, ինչպես նաև հանրապետության տարածքում սպանդանոցների կառուցման և սպանդանոցային մորթի կազմակերպման աշխատանքներով: Նշվել է, որ արդեն կա գործող 67 սպանդանոց, որից 36-ը՝ ծառայություններ մատուցող, կառուցման փուլում են ևս 78-ը: Երևանում սպանդանոցային ծագման մսամթերքի վաճառքի ծավալը հասնում է 90 տոկոսի, մարզերում ևս այս ցանցն ընդլայնվում է: Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև առկա լաբորատոր կարողությունների հզորացման հնարավորություններին: Վարչապետը կարևորել է պարբերական վերահսկողությունը սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ և հանձնարարել հետևողական լինել: Նիկոլ Փաշինյանը ընդգծել է սննդի անվտանգության ոլորտում բարձր չափանիշների սահմանման, լաբորատոր կարողությունների հզորացման կարևորությունը և հանձնարարել ներկայացնել լուծումների առաջարկներ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանն իր զեկույցում ներկայացրել է նախ ՏՄ-ում իրականացված կառուցվածքային բարեփոխումները, ապա խոսել նախաձեռնությունների մասին: Մասնավորապես, «Պահպանիր բնությունը» նախաձեռնության շրջանակում մշակվել է բնապահպանական քարտեզ, որով կահավորված ցուցանակները կտեղադրվեն բնության տարածքներում: Հավանության է արժանացել ՏՄ տեսուչների նոր համազգեստը, ՏՄ կարողությունների հզորացմանը միտված մեկ այլ՝ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի» շրջանակում նախատեսվում է տեխնոլոգիական գործիքակազմով վերազինում և էլեկտրոնային հսկողության հնարավորություն: Մշակվել է Սևանա լճի և ջրհավաք ավազանի բնապահպանական մոնիթորինգ իրականացնելու մասին որոշման նախագիծ։ Ձկնաբուծական տնտեսություններում իրականացված ստուգումների արդյունքներով տնտեսվարողների մոտ տեղադրվել են ջրաչափեր: Ստուգումներ են իրականացվել նաև հիդրոէլեկտրակայաններում, որոնց արդյունքում ևս տեղադրվել են ջրաչափեր։ 

2019-2020 թթ. արձանագրվել են 3000-ից ավելի իրավախախտումներ, որոնց հիմքով հարուցվել են վարչական վարույթներ, կիրառվել են վարչական տույժ-տուգանքներ: 2020 թ. առաջին 8 ամսվա դրությամբ ստուգում է իրականացվել 38 տնտեսվարող սուբյեկտի մոտ, որից 18-ն ավարտվել են, 20-ն ընթացքի մեջ են:

Վարչապետի հարցադրումներին ի պատասխան զեկուցվել է Սևանի ավազանում ձկնորսության նոր կարգի կիրառման մոնիթորինգի, որսագողության, ապօրինի անտառահատումների և հիդրոէլեկտրակայանների գործունեության նկատմամբ տարվող վերահսկողական միջոցառումների վերաբերյալ: Ներկայացվել են այս աշխատանքների արդյունավետության բարձրացմանը միտված գաղափարներն ու առաջարկները: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի տարածքում առանց թույլտվության հանքերի օգտագործման խնդրին՝ հանձնարարելով մշակել վերահսկողության գործուն մեխանիզմներ:

Ամփոփելով՝ վարչապետը կարևորել է տեսչական մարմինների գործունեության վերլուծության և արդյունավետության գնահատման մեխանիզմների գործարկումը: «Պետք է հստակ չափանիշներ սահմանել՝ ոչ միայն տեսչական ստուգումներ իրականացնելու, այլև դրանց արդյունքներով ոլորտներում առկա իրավիճակը հասկանալու համար: Պետք է վերլուծել հաշվետվությունները, ձևակերպել խնդիրները, լուծումներ մշակել և իրագործել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ գործընթացը պետք է իրականացվի ոլորտային ռազմավարություններին համահունչ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում