Մեր պետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից՝ անկախ նրանից դա անում է ծնողը, խնամակալը, թե երեխայի մասին հոգ տանող որևէ այլ անձ: Երեխան պետք է պաշտպանված լինի ֆիզիկական կամ հոգեբանական բռնության բոլոր ձևերից, այդ թվում՝ ծեծից, վիրավորանքից կամ չարաշահումից, ծաղրանքից կամ անտեսումից, կոպիտ վերաբերմունքից կամ շահագործումից և այլն:
Ցավոք, երեխայի նկատմամբ բռնությունն ու առանձնապես բռնությունն ընտանիքում թաքնված երևույթ է: Դրան նպաստում են թե՛ հասարակությունում, թե՛ նաև հանրային մարմիններում այս երևույթի վերաբերյալ առկա կարծրատիպային ընկալումները:
Բոլորս պետք է գիտակցենք, որ բռնությունն ուղղակիորեն խարխլում է ընտանեկան արժեքները, խաթարում է ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը, հակասում է երեխայի լավագույն շահի էությանը: Խիստ մտահոգիչ է այն վիճակը, որ գոյություն ունի Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության ոլորտում: Այդ մարմինները ընտանիքում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի, դժվարին իրավիճակում հայտնված երեխաների վերաբերյալ տեղեկությունների բացահայտման ոլորտում գրեթե չունեն որևէ արդյունավետություն:
Խնամակալության և հոգաբարձության մարմինները չունեն մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն համայնքում երեխաների իրավունքների պաշտպանության ապահովման իրենց գործառույթը պատշաճ իրականացնելու համար: Բռնության բոլոր ձևերից պաշտպանված լինելու երեխայի իրավունքի ապահովման գործում առաջնային կարևորություն ունեն համայնքային մակարդակում գործող մարմինները: Խոսքը հատկապես վերաբերում է Խնամակալության և հոգաբարձության մարմիններին, որոնց գործունեությունը պետք է անմիջականորեն կապված է երեխաների սոցիալ-հոգեբանական և առողջական բարեկեցության հետ:
Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես բարձրաձայնել է Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության դատապարտելի վիճակը, գործառույթների բացարձակ անարդյունավետ իրականացման, վտանգավոր դրսևորումների մասին: Դա արվել է ինչպես տարեկան հաղորդումներով, այնպես էլ «Խնամակալության և հոգաբարձության մարմինների ու Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցով ու այլ եղնականերով:
Ընտանիքում երեխաների նկատմամբ բռնության բացահայտման և կանխարգելման ոլորտում, այդպիսի գործերի քննության հարցերում առկա են ինչպես համակարգային, այնպես էլ օրենսդրական խնդիրներ: Թե՛ պրակտիկան, թե՛ օրենսդրությունը հնարավորություն չեն տալիս ապահովել ընտանիքում բռնության ենթարկված երեխաների արդյունավետ պաշտպանություն, լիարժեք բացահայտում և հետագա հնարավոր դեպքերի կանխարգելում: Անհրաժեշտ է կատարելագործել իրավապահ մարմինների արագ արձագանքը, ինչպես նաև ապահովել նրանց անհրաժեշտ մասնագիտացումը և համայնքային մակարդակում միջգերատեսչական արդյունավետ համագործակցությունը:
Նման գործերով ցանկացած քննություն չպետք է սահմանափակվի գործից գործ քննությամբ: Պետք է մանրամասն վերլուծվեն այդ արարքների կատարման պատճառներն ու նպաստող պայմաններն այն նկատառումով, որպեսզի ձեռնարկվեն կանխարգելիչ միջոցներ, կատարելագործվի համակարգը՝ վերջնարդյունքում բացառելու համար որևէ երեխայի կամ, առհասարակ, որևէ անձի նկատմամբ բնռություն կամ իրավունքների նման կոպիտ խախտումներ:
Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություններ է հասցեագրել ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ Տավուշի մարզպետարան, Խաշթառակ համայնքի ղեկավարին: Պաշտպանն իր իրավասության շրջանակում կշարունակի հետևել այս գործով պետության կողմից ձեռնարկվող քայլերին, երեխաների իրավունքների ապահովման վիճակին»,- գրված է հայտարարությունում:










